Մշակույթ

Մյունխենը բիսերով է ընդունել Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը

2 րոպեի ընթերցում

Մյունխենը բիսերով է ընդունել Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում մայիսի 21-ին ելույթ է ունեցել Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում. Gasteig-ում է գտնվում Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահը, այստեղ են տեղակայված Ռիխարդ Շտրաուսի անվան կոնսերվատորիան, ինչպես նաև՝ քաղաքային գրադարանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճը (ընդգրկում է 2400 հանդիսատես) մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ ընդունեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և մաեստրո Սմբատյանին։ Համերգային ծրագրում հնչեցին Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան, մալթացի կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը, Ալբերտ Գարզիայի Kewn ստեղծագործությունը։ Որպես մենակատարներ հանդես եկան դաշնակահար Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։

Նշենք, որ Մյունխենը դասական երաժշտության ավանդույթներ ունեցող քաղաք է։ Այստեղ գործում է 7-ից ավելի պրոֆեսիոնալ նվագախումբ, այդ թվում՝ Բավարիայի պետական նվագախումբը, որը հիմնադրվել է դեռևս 16-րդ դարում։ Այնպես որ՝ գերմանական այս քաղաքում իրավամբ գնահատում են դասական երաժշտությունը, և այդ գնահատանքը ծափահարությունների ու բիսերի տեսքով իր դրսևորումն ունեցավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ելույթի ընթացքում։

Դաշնակահար Ինգոլֆ Վանդերը նկատեց, որ մեծ հաճույքով է համագործակցում Մալթայի ֆիլհարմոնիկի և դիրիժոր Սմբատյանի հետ՝ նրանցից ստանալով հզոր էներգիա։

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական շրջագայությունները Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մեկնարկել են մայիսի 19-ին Վալետայից, այսօր նվագախումբը բեմ կբարձրանա գերմանական Շտուտգարդ քաղաքում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում