Քաղաքականություն

Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել ՌԴ հավասարակշռված դիրքորոշման համար

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել ՌԴ հավասարակշռված դիրքորոշման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում ՌԴ հավասարակշռված դիրքորոշման համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, այս մասին նա Վլադիմիր Պուտինին հայտնել է մայիսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: « Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք եւ քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր»,-նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ պայմանավորվել են քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մայիսի 8-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից59 կողմ, 42 դեմ ձայներով ընտրվեց, ապա Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ վարչապետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում