Վարչապետ Փաշինյանը նոր պաշտոնում իր առաջին այցը կկատարի Արցախ
2 րոպեի ընթերցում
![Վարչապետ Փաշինյանը նոր պաշտոնում իր առաջին այցը կկատարի Արցախ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/932793.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոնում առաջինայցը կկատարիԱրցախի Հանրապետություն մայիսի 9-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ընտրվելուց հետո նա հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան:
Լրագրողի հարցին, թե արդյոք նա մեկնելու է Լեռնային Ղարաբաղ, Փաշինյանը պատասխանեց. «Այո, վաղը»:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:
Մայիսի 9-ը եռատոն է հայ ժողովրդի համար. մեծ խանդավառությամբ նշվում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: