Շահագրգիռ ենք, որ քաղաքական իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության շրջանակներում. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, 35 պատգամավորի ստորագրությամբ ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մայիսի 8-ին վարչապետի ընտրությանը սատարելու ՀՀԿ-ի որոշմանը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ մայիսի 8-ին կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորս ենք շահագրգռված, որպեսզի այս քաղաքական իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում ստանա Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը, որն առկա է բոլոր քաղաքական ուժերի մոտ, կոնկրետ արտահայտում պիտի ստանա»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ մինչև վարչապետի ընտրության հարցի քննարկումը հանդիպում կունենա ՀՀԿ խմբակցության հետ՝ շեշտելով, որ միշտ էլ ասել են, որ պատրաստ են երկխոսության և քննարկումների:

Փաշինյանը ևս մեկ անգամ հստակեցրեց՝ իր նախաձեռնած քաղաքական գործընթացում աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ կամ կոնտեքստ ու դավադրություն չկա, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կլինի շարունակական:

Հարցին, եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկի՞ վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հետո կառավարության ծրագրին, ինչպե՞ս է պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը, Փաշինյանն ընդգծեց, որ դրա համար կան սահմանադրական մեխանիզմներ, և իրենք անպայման կկիրառեն այդ մեխանիզմները: «Կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակը վերջնականապես լուծված չէ, քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն անցկացվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ մայիսի 8-ին չի կրկնվի այն, ինչ եղավ մայիսի մեկին վարչապետի ընտրության քվեարկությանը, սակայն հավելեց, որ իրենք պատրաստ են իրադարձություների զարգացման ցանկացած սցենարի: Մայիսի 8-ին վարչապետի ընտրությունից հետո էլ տեղի էլ կունենա մեծ հանրահավաք, որի տեղի ու ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Անդրադառնալով հարցին՝ մտածո՞ւմ է Սահմանադրություն փոխելու մասին, Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե այդ մասին պետք է մտածեն, քանի որ խոսում են ժամանակավոր կառավարության մասին: «Դա թեմա է, որ նախընտրական շրջանում կքննարկվի, սակայն ես չեմ կարծում, որ Սահմանադրությունն անընդհատ փոխելը լավ պրակտիկա է: Այսինքն, մենք պետք է հասկանանք, թե Սահմանադրությունը մեզ ինչով է խանգարում, և եթե խանգարում է, արձանագրենք դա: Կարծում եմ, որ նման հարցերը ոչ թե վարչապետի և ինչ-որ քաղաքական ուժի մակարդակով լուծվի, այլ դրա շուրջ պետք է լինի հանրության և քաղաքական ուժերի լայն ըմբռնում»,- ասաց նա:

Խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ այս անգամ ևս թեկնածու չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտնել է, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվել են: Վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է 35 պատգամավորի ստորագրություն:

«Ելք» խմբակցության փորձագետ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Վովայի Փաշինյանի առաջադրման փաստաթղթերն արդեն ներկայացվել են ՀՀ ԱԺ ընդհանուր բաժին։

Հայերեն العربية English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում