Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ տեղի ունեցած հանդիպումից

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ տեղի ունեցած հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգմավոր, երեք խմբակցությունների կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջի միջոցով տեսանյութ է տարածել՝ նշելով, որ հանդիպում է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով վերահաստատել է իրենց խմբակցության դիրքորոշումը վարչապետի ընտրության հարցում:

«Ես հանդիպում ունեցա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ և նա մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ Ազգային ժողովի իրենց խմբակցությունը ժողովրդի թեկնածուին կաջակցի վարչապետ ընտրվելու հարցում: Իհարկե, այդ հայտարարությունները արդեն իսկ արված էին մինչև մեր հանդիպումը, սակայն անձնական հանդիպման ընթացքում այդ դիրքորոշման վերահաստատումը կարևոր եմ համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` իր առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն իսկ կան և ներկայումս աշխատակազմում իրականացվում են անհրաժեշտ ձևակերպումներ: «Իմ առաջադրումը կարող ենք կայացած փաստ համարել»,- նշեց նա:

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին մայիսի 8-ին ժամը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և մեծ էկրանից հետևել Ազգային ժողովում վարչապետի ընտրությունների ընթացքին:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետչընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում