Քաղաքականություն

Շարմազանովը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն կսատարի վարչապետի ընտրությանը

5 րոպեի ընթերցում

Շարմազանովը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն կսատարի վարչապետի ընտրությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունն աջակցելու է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչպես են քվեարկելու ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները, սակայն հավաստիացրեց, որ անհրաժեշտ 53 ձայնը կապահովվի, որպեսզի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուն ընտրվի վարչապետի պաշտոնում: «Չգիտեմ, թե ինչպես ենք քվեարկելու, սակայն վարչապետի ընտրությանը Հանրապետականն աջակցելու է: Ինչ քանակով կաջակցի, ոնց կաջակցի, չեմ կարծում, որ դա էական է: Էականն այն է, որ անհրաժեշտ 53 ձայնն ապահովվի և 1/3-ի ստորագրությունն ունեցող անձնավորությունը դառնա վարչապետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, ինչո՞ւ ՀՀԿ-ն մայիսի 1-ին տապալեց վարչապետի ընտրությունը, իսկ հաջորդ օրը որոշում կայացրեց մայիսի 8-ին թեկնածու չառաջադրել և սատարել պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին՝ Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ խմբակցությունն այդ պահին այդպես է հարմար գտել: «Իսկ ինչ վերաբերվում է իմ դիրքորոշմանը, այն չի փոխվել: Ես իմ դիրքորոշումն արտահայտել եմ մայիսի մեկին վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, և շարունակում եմ մնալ նույն կարծիքին, սակայն դա չի նշանակում, որ այլ կարծիք չպետք է լինի: Ես իմ գործունեության ընթացքում միշտ բազմակարծության և այլակարծության կողմնակից եմ եղել: Մայիսի 1-ին մեր քվեարկությունը եղել է բացարձակապես քաղաքական, և մենք արտահայտել ենք մեր քաղաքական դիրքորոշումը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությանը: Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը պատվերով համերգ չէ, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություն անի: «Կա Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված է, թե ինչպես կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների: Եթե մայիսի 8-ին մենք ընտրում ենք վարչապետ, իսկ ես գրեթե 100 տոկոսով համոզված եմ, որ մենք ունենալու ենք վարչապետ, արդեն արտահերթ ընտրությունների գնալ չենք կարող: Եթե վարչապետը բերում է կառավարության ծրագիր, և այդ ծրագիրը ստանում է օժանդակություն, այդ դեպքում էլ արտահերթ ընտրությունների չենք կարող գնալ: Իրենք էլ օրակարգ են բերում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարց, իսկ դա ոտքի վրա քննարկելու հարց չի: Պետք է նստենք, քննարկենք: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որտեղ փոփոխությունների համար պահանջվում է պատգամավորների 3/5-ի ձայների առկայություն: Լինելու են դեբատներ: Ամեն ինչը պետք է իրականացնենք ըստ ժամանակացույցի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ չի բացառո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո մեծամասնությունը կընդունի նրա ներկայացրած ծրագիրը, Շարմազանովը պատասխանեց. «Նայած ինչ ծրագիր կլինի»:

Էդուարդ Շարմազանովը բացառեց, որ ՀՀԿ-ական պատգամավորները իրենք կարող են ստորագրահավաք սկսել վարչապետի թեկնածու առաջադրելու համար:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետչընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում