ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը, այսինքն` այնտեղ, որտեղ օրենքով սահմանված է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարական առանձնատնից, որտե՞ղ է նա բնակվելու:
«Այն, ինչ վերաբերում է 3-րդ նախագահին հատկացված առանձնատանը, այդ խոսքն ուղիղ տեքստով կներկայացվի: Կարծում եմ՝ վարչապետն ապրելու է այնտեղ, որտեղ ապրելու է, այսինքն՝ վարչապետի համար առանձնացված առանձնատանը՝ կառավարական ամառանոցում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:
Կառավարության ապրիլի 19-ի նիստում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից և հանձնարարել ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ: