Քաղաքականություն

Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային. Օսիպյանը տեղեկացրեց Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

 Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային. Օսիպյանը տեղեկացրեց Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ նրա ղեկավարած հավաքի մասնակիցները հարվածելով վնասում են ոստիկանության հատուկ կահավորված մեքենան: «Ժամանակն է վերահսկողություն սահմանել հավաքի մասնակիցների գործողությունների նկատմամբ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նշեց Օսիպյանը:

Նիկոլ Փաշինյանը նրա ուղեկցությամբ գնաց մեքենայի մոտ: Այդ պահին հարվածողների գործողությունները դադարեցված էին: Փաշինյանը պնդեց, որ իրեն տեսագրություն ներկայացնեն կատարվածի վերաբերյալ:

Փաշինյանի գլխավորած հավաքի մասնակիցները շարունակում են գտնվել Կառավարության շենքի առջև՝ Հանրապետության հրապարակում:

Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակելբանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում