Հասարակական

Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Սանասարյանին և հավաքի մյուս կազմակերպիչներին ուղղված հայտարարություն է տարածել

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Սանասարյանին և հավաքի մյուս կազմակերպիչներին ուղղված հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 19-ի առավոտից շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչները սադրիչ բնույթի գործողություններ են իրականացնում: Ոստիկանությունը հորդորում է նրանց հստակ գիտակցել իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթևեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը: Կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը չխոչընդոտելու վերջիններիս պարտավորության ակնհայտ խախտման, որպիսի գործողություններն առանձին դեպքերում զուգորդվում են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ:

Նշված, ինչպես նաև հավաքի իրականացման նախորդ օրերին հավաքի կազմակերպիչների, առանձին մասնակիցների վարքագծի պարզ դիտարկումն ակնհայտորեն վկայում է վերջիններիս գործողությունների սադրիչ բնույթը, ովքեր ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների և իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջև:

Այդպիսի վարքագծով աչքի ընկած կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը և մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում