Քաղաքականություն

Հավաքի մասնակիցները շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող նախարարությունների շենքը

2 րոպեի ընթերցում

Հավաքի մասնակիցները շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող նախարարությունների շենքը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվող հավաքի մասնակիցները շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող Կառավարության մասնաշենքը, որտեղ գտնվում են ՀՀ սփյուռքի, Կրթության և գիտության, Արդարադատության, Արտաքին գործերի նախարարությունները: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հավաքի մասնակիցները Գրիգոր Լուսավորիչ փողոցող երթով շարվեցին դեպի Հանրապետության հրապարակ և ճանապարհին որոշեցին շրջափակել նախարարությունների շենքը:

Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով դիմեց նախարարությունների աշխատակիցներին և կոչ արեց ժամը19:00-ին մասնակցել հանրահավաքին:

Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում