Մշակույթ

Արցախի Տիգրանակերտի թանգարանը պահանջված վայր է օտարերկրացի զբոսաշրջիկների համար

3 րոպեի ընթերցում

Արցախի Տիգրանակերտի թանգարանը պահանջված վայր է օտարերկրացի զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Տիգրանակերտի թանգարանը կլոր տարի լի է այցելուներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ հիմնականում այցելում են զբոսաշրջիկներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, ինչպես նաև Ռուսաստանից: «Տիգրանակերտի թանգարանը երևանյան միջին թանգարանի այցելուներից ավելի շատ այցելուներ է ունենում»,-ասաց նա:

Պետրոսյանի խոսքով` թանգարանի ցուցանմուշներն ամեն տարի ավելանում են: «Մենք հնավայրերից պեղված նյութերը միանգամից թանգարան չենք տեղափոխում: Գտածոներն ուղարկվում են ԵՊՀ հնագիտության լաբորատորիա, որտեղ մշակվում է, մաքրվում և նոր արդեն թանգարայնացվում են: Իհարկե, լինում են նաև գտածոներ, օրինակ՝ քարե առանձին կոթողներ, որոնք միանգամից թանգարան են տեղափոխվում»,-ասաց նա:

Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարն ընգծեց, որ հնագիտական գտածոների պահպանության համար թանգարանում ամեն հարմարություն ստեղծված է, բացի ջերմության կարգավորման համակարգից: «Հենց այդ պատճառով էլ թանգարանում մետաղ շատ քիչ է ցուցադրվում, քանի որ դրանք խոնավությունից ժանգոտվում և փառապատվում են»,-ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ 2017 թվականին Արցախի 10 հնագիտական հուշարձաններում հնագետները պեղումներ են իրականացրել: Ապրիլի 18-ին Ստեփանակերտում կկայանա անցած տարվա հնագիտական հետազոտությունների հաշվետվությունը:

Տիգրանակերտի հնագիտական թանգարանը գործում է մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Մեծի Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի` ներկայիս «Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց»-ի տարածքում գտնվող 18-րդ դարի ամրոցում: Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա. 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարի պատմական ժամանակաշրջանին վերաբերող մշակույթի յուրահատուկ առարկաներ: Հիմնականում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից ու ապակուց պատրաստված առարկաներ: Թանգարանի հավաքածուում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 5-6-րդ դարերի մոտ 8 սմ տրամագծով կավե սկավառակը, որի մի երեսին` շրջանի մեջ, փորագրված է հավասարաթև խաչ, մյուսին` տղամարդու դիմապատկեր` հայերեն արձանագրությամբ: Այն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում