Տնտեսություն

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի հաղթողը ցանկություն ունի ավելի մեծ հզորություն ստեղծել Մեծ Մասրիկում

3 րոպեի ընթերցում

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի հաղթողը ցանկություն ունի ավելի մեծ հզորություն ստեղծել Մեծ Մասրիկում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մասրիկ-1» 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթը շահած ընկերությունների կոնսորցիումը Մեծ Մասրիկում ավելի մեծ կայան կառուցելու հետաքրքրություն է հայտնել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Մրցույթում հաղթել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: «Այս երկու ընկերությունները հետաքրքրված են Մասրիկում ավելի մեծ կայան կառուցելու ծրագրով: Մենք այնտեղ ունենք շատ ավելի մեծ հնարավորություն հողի մակերեսի տեսանկյունից, և չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում 55 ՄՎտ-ից ավելին կառուցեն: Մոտակա 6 ամիսների ընթացքում մենք կհստակեցնենք դա»,-նշեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության ծրագրով հաստատված 11 արևային կայանների կառուցմանն ու շահագործմանը, ապա դրանք մինչև տարեվերջ կառուցված և ցանցին միացված կլինեն: Խոսքը լիցենզիա ստացած 11 կայանների մասին է, որոնց ընդհանուր գումարային հզորությունը 10 ՄՎտ է: «Դրանցից երեքն արդեն համակարգին միացված են, մնացած բոլորը շինարարության փուլում են, այս տարվա վերջ կարծում եմ բոլորն էլ կառուցված ու ցանցին միացված կլինեն»,- ասաց Հայկ Հարությունյանը: Նրա խոսքով` որոշ ժամանակ հետո յուրաքանչյուր ամիս նոր կայանի աշխատանքի մեկնարկը կտրվի:

Անդրադառնալով Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի տարածքում արդյունաբերական մասշտաբի մեկ այլ արևային ֆոտովոլտային կայանի ծրագրին` փոխնախարարը նշեց, որ ներկայում քննարկում են դրա իրականացման արդյունավետ եղանակը: «Դաշտադեմն այն մեծ ծրագրերից է, որը պատրաստվել է մեր կողմից և նախատեսվում էր մրցույթի դնել այն նպատակով, որ նվազագույն սակագին ստանանք: Մոտեցումները ներկայում քննարկվում են, գուցե գնանք մրցույթի, գուցե ֆիքսենք այս սակագինը և բացենք դաշտը բոլորի համար»,-ասաց փոխնախարարը:

Հարցին ի պատասխան, թե որքան է արևային ռեսուրսի ներուժը Հայաստանում` Հայկ Հարությունյանը նշեց` անսահմանափակ: «2015 թվականից մենք իրականացրել ենք արևային ռեսուրսի գնահատում, գնել ենք 4 չափիչ կայան, որով նորացրել ենք մեր արևային քարտեզը: Ներկայում ունենք շատ ճշգրիտ արևային ռեսուրսի քարտեզ, որը ճշգրիտ բոլորի համար հասանելի է նախարարության և Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կայքերում»,-հայտնեց պաշտոնյան:

«Մասրիկ-1» 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի կիրականացնի նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը, որի առաջարկած սակագինը 0.0419 ԱՄՆ դոլար է կամ 20.11 դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում