Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 27-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահի և արտգործնախարարի ջերմ ողջույնները: Այնուհետև, դեսպանը հանգամանալից ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Անտոնիո Գուտերեշը, շնորհակալություն հայտնելով ողջույնների համար, հիշատակեց 2017թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի շրջանակներում Հայաստանի Նախագահի հետ ունեցած հանդիպումը և իր նախկին պաշտոնում Հայաստան կատարած այցերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշեց ՄԱԿ-ին անդամակցության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի կողմից կազմակերպված համերգ-միջոցառումը, որին ինքը ներկա էր գտնվել, ինչպես նաև ողջունեց Ֆրանկոֆոնիայի գալիք գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշումը՝ վերահաստատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի հետ ՄԱԿ-ի շարունակաբար աճող համագործակցության ամրապնդմանը սատարելու իր հանձնառությունը։

Դեսպան Մնացականյանն ու գլխավոր քարտուղար Գուտերեշը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ում և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության և միջազգային բազմակողմ գործընթացներում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատեց ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում