Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» աշխատանքն առաջին անգամ ցուցադրվեց Երևանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» ապակենկարը, որը երկար տարիներ եղել է Մոսկվայում, առաջին անգամ մեկ շաբաթով կցուցադրվի Երևանում: Արվեստասերները այն տեսնելու հնարավորություն ունեցան նկարչի ծննդյան օրը` փետրվարի 28-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Այն կներկայացվի մինչև մարտի 7-ը:

Այդ աշխատանքը Սարյանը ստեղծել է «Մարտիրոս Սարյան» ֆիլմում և այն նվիրել ժապավենի օպերատոր Մարատ Վարժապետյանին: Հավանաբար, նրա ընտանիքը ժամանակի ընթացքում վաճառել է այդ գործը, և այն հայտնվել է ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովի անձնական հավաքածուում:

«Տասը տարի առաջ այս յուրահատուկ նկարը ձեռք եմ բերել շվեդական աճուրդի ժամանակ, և այն կախված էր իմ տանը, իմ աչքի առաջ: Երջանիկ եմ, որ կտավն այսքան մեծ հետաքրքրություն է առաջացրել և որոշ ժամանակ կցուցադրվի այս թանգարանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Յուրի Նոսովը:

Նա շեշտեց, որ, չնայած իր հավաքածուում բազմաթիվ հայտնի նկարիչների ստեղծագործություններ ունի, շատ է սիրում «Ծաղիկներ»-ը և դեռ չի պատրաստվում հրաժարվել դրանից: Գուցե, երբ գա ժամանակը, այն նվիրի թանգարանին:

Ցուցահանդեսի բացմանը ներկաները դրվագ դիտեցին «Մարտիրոս Սարյան» ժապավենից:

«Վավերագրական ֆիլմը նկարահանվել է 1965 թվականին Սարյանի 85-ամյակին ընդառաջ: Այն դարակազմիկ կինոնկար է: Կադրում Սարյանն է, որը զարմանալիորեն անկաշկանդ նկարում է և ասես չի նկատում խցիկը: Ֆիլմն արժևորվում է նաև նրանով, որ ժապավենում մի ամբողջ երկրի պատմություն է ներկայացվում: Դա արված է մեծ վարպետությամբ»,-ասաց նկարչի թոռնուհին՝ թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Նրա խոսքով` իրենք անում են ամեն բան, որ ժամանակին նորարարական և մինչ օրս արդիականությունը չկորցրած ֆիլմը նոր շունչ, նոր կյանք ստանա, քանի որ տարիներ շարունակ եղել է արխիվացված ու չի հասել հանդիսատեսին:

Ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի դուստրը` Մարինե Վաղարշյանն ասաց, որ հայրը խրուշչովյան ձնհալից հետո է հստակ որոշել ֆիլմ նկարահանել Սարյանի մասին: «Այդ ժամանակ Մարտիրոս Սարյանը 83 տարեկան էր: Հայրս Սարյանի դեմ յուրաքանչյուր քննադատություն ընկալում էր այնպես, ասես դեմ են իր սեփական գաղափարներին»,-ասաց նա: Մարինե Վաղարշյանը հավելեց, որ հայրը որդիական սիրո նման մեծ սեր է տածել Սարյանի նկատմամբ:

Ֆիլմի տեքստը գրել է ռուս հայտնի գրող Իլյա Էրենբուրգը, երաժշտության հեղինակն է Սարյանի որդին՝ նշանավոր կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը:

Հայերեն English

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր