Սեր, պատերազմ, ազատություն.  ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը, ում՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել էր լավագույն վավերագրական ֆիլմ, պատրաստվում է նկարահանել ֆիլմ Արցախի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ հույս ունի ֆիլմը հանդիսատեսին ներկայացնել մինչ 2019 թվականի ավարտը:

«Այն խաղարկային ֆիլմ է սիրո, պատերազմի եւ ազատության մասին: Այս պահին նախագծի համար փնտրում եմ ֆինանսավորում եւ՛ Հայաստանում, եւ՛ Ֆրանսիայում: Նախորդ տարի ես պատիվ ունեի ներկայացնելու Արցախի ժողովրդի մասին պատմող «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմ: Ես շատ տպավորված էի նրանց ուժով, կենսուրախությամբ: Չնայած անկայուն իրավիճակին եւ անցյալի վերքերին՝ նրանք հպարտ են մնում: Ես շատ տպավորված էի այնտեղ ապրող բոլոր սերունդների ներկայացուցիչների կյանքի դինամիզմով եւ ժամանակակից մտածելակերպով: Հենց այս բոլոր պատճառներով ես որոշեցի նկարահանել այս ֆիլմը, որը կրում է «Արցախ» աշխատանքային խորագիրը»,-ասաց ֆրանսահայ ռեժիսորը:

Ֆիլմում ներկայացված են լինելու մի քանի հերոսների պատմություններ, որոնց միջոցով, ըստ ռեժիսորի, ինքը կկարողանա անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են համերաշխությունը, մարդասիրությունը, հայրենասիրությունը, բարեկամությունը, մշակութային ժառանգությունը, վիշտը:

«Այն համընդհանուր ֆիլմ կլինի եզակի երկրի մասին: Ես ցանկանում եմ վերամիավորել հայտնի հայ դերասաններին, ներգրավել ոչ պրոֆեսիոնալ մարդկանց Արցախից: Ես ուզում եմ ցուցադրել «Արցախ»-ը միջազգային փառատոններում, կինոթատրոններում եւ հեռուստաընկերություններում: Որպես ֆրանսահայ ռեժիսոր՝ իմ պարտականությունն է ներկայացնել Արցախը միջազգային հանրությանը»,-եզրափակեց նա:

Առնո Խայաջանյանը ծնվել է 1987 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով: Նրա ստեղծագործական աշխարհում մեծ տեղ են գրավում ինքնության, բնապատկերի և հուշերի մասին թեմաները: Կինոռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Այն պատմում է Անատոլիայում կատարած մի շրջագայության մասին: Առնո Խայաջանյանը սկսում է ճամփորդել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում: Սկսելով մի գեղանկարից, պատահական հանդիպումներից և իր հարազատների մասին պատմություններից՝ նա բացահայտում է այն բոլոր անհայտ բարեպաշտների գործերը, ովքեր 1915-ին կյանքեր են փրկել:

Առնո Խայաջանյանը նկարահանել է «Վատ աղջիկ», «Արշակ», «Կորած հորիզոններ», «Անջրդի ուղիներ» ֆիլմերը:

Սյուզի Մուրադյան

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն