Շուրջ 800 առողջացած հիվանդ. արյունաբանական կենտրոնը տարածաշրջանում առաջատար դիրքում է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցնում: Կենտրոնն ունի այն բոլոր պայմանները, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ Գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության և փոխներարկաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զաքարյանը:

«Արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման և իրականացվող բուժման արդյունավետության գնահատման համար Արյունաբանական կենտրոնում ներդրվել է ժամանակակից մեթոդ` հոսքային ցիտոմետրիա, ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ճշգրտել հիվանդության տեսակը և, հետևաբար, ընտրել ամենաարդյունավետ բուժման տարբերակը: Բազմաթիվ դեպքերում հիվանդների արյան փորձանմուշները կրկնակի հետազոտվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջատար կենտրոններում, և ստացված արդյունքները համընկել են մեր տվյալների հետ: Հիվանդությունների ախտորոշման համար ներդրվել է նաև ցիտոգենետիկական FISH մեթոդը, որը թույլ է տալիս հայտնաբերել արյան հիվանդություններին բնորոշ գենետիկական խախտումները»,-ասաց Անահիտ Զաքարյանը:

Կենտրոնի բժիշկ, արյունաբան Լուսինե Քրմոյանի խոսքով, քաղցկեղը մահվան դատավճիռ չէ, երեխաների մոտ՝ առավել ևս, որովհետև բուժման նոր մեթոդները, նոր սարքավորումները հնարավորություն են տալիս արդյունավետ բուժում իրականացնել:

«Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան բուժում է իրականացվում, և ունենք բավական լուրջ հաջողություններ: Սուր լիմֆոբլաստային լեյկոզով հիվանդության դեպքում մենք ունենում են մինչև 80 տոկոս լավացում: Մնացած 20 տոկոսն այն դեպքերն են, որոնք ծայրահեղ ծանր տարբերակում են դիմում բժշկին: Լինում են դեպքեր, երբ հիվանդությունը կրկնվում է: Իհարկե, ցանկացած ծնող փորձում է երեխայի համար անել լավագույնը, տանել արտերկիր: Բայց կարող եմ ասել, որ այստեղ բուժումը նույն ծրագրերով է իրականացվում` միջազգային ստանդարտներին համապատասխան»,-ասաց Լուսինե Քրմոյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի ավելի քան 200 հազար նոր դեպք: Մանկական քաղցկեղի շրջանում սուր լեյկոզն առավել հաճախ հանդիպող չարորակ հիվանդությունն է` կազմելով մանկական բոլոր տեսակի քաղցկեղների 40 տոկոսը:

Հայաստանի Արյունաբանական կենտրոնում տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի 35-40 առաջնակի դեպք: Անահիտ Զաքարյանը նշեց, որ նախորդ տարիների դինամիկան հաշվի առնելով, այս ցուցանիշում ակնառու աճ չկա: Ներկայում Արյունաբանական կենտրոնում մշտապես հսկողության տակ գտնվում է 1435 երեխա:

Հիվանդների դեղորայքային ապահովումն իրականացվում է ՀՀ ԱՆ կողմից կենտրոնացված եղանակով գնված, հումանիտար օգնությամբ ստացված, Արյունաբանական կենտրոնի միջոցներով ձեռք բերված դեղորայքների միջոցով, ինչպես նաև հիվանդների կողմից ձեռք բերված դեղորայքով:

«Երեխաների բուժման գործընթացում անգնահատելի է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի մասնակցությունը: Հիմնադրամը մշտապես աջակցում է հիվանդ երեխաների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, ձեռք է բերվում թանկարժեք դեղորայք, արտերկրում բուժման անհրաժեշտության դեպքում օժանդակում է նրանց բուժումը կազմակերպել արտերկրի կլինիկաներում»,-ասաց Անահիտ Զաքարյանը:

Լուսինե Քրմոյանը կարևոր ձեռքբերում համարեց ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծումը: Արդեն 4 հիվանդի աուտոփոխպատվաստում է իրականացվել, երբ հիվանդից բուժման ընթացքում վերցվում են ցողունային բջիջները և հետո ներարկում նույն հիվանդին: Այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ ալոգեն փոխպատվաստում կատարելու համար: Դա այն դեպքն է, երբ բջիջները վերցվում են դոնորից և ներարկվում են հիվանդին: Լուսինե Քրմոյանը տեղեկացրեց, որ ներկայում հիվանդներն ընտրվում են, համապատասխան ծրագրերը մշակվում են ալոգեն փոխպատվաստում իրականացնելու համար:

Մասնագետները հպարտությամբ են նշում, որ Արյունաբանական կենտրոնն ունի շուրջ 800 առողջացած հիվանդ: Նրանք համապատասխան բուժումն ավարտելուց հետո վերադարձել են լիարժեք ապրելակերպին:

Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականի փետրվարի 15-ից ամեն տարի նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Արյունաբանական կենտրոն, մանկական քաղցկեղ, Անահիտ Զաքարյան, Լուսինե Քրմոյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում