Գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը համոզված է, որ Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբ Սևանն անդրադարձավ փետրվարի 14-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի քննարկմանը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:

«Օրինագիծը ներկայացվել էր ոչ մեր նախաձեռնությամբ, ինչպես մինչ այս, երբ մեր աշխատանքի արդյունքում նման նախաձեռնություններով հանդես էր գալիս ընդդիմադիր «Մեերեց» կուսակցությունը: Նման օրինագիծ ներկայացնելու մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր Յայիր Լապիդը՝ ինչ-որ առումով հաշվի առնելով իսրայելա-թուրքական հարաբերությունների վատացման փաստը»,- ասաց Հակոբ Սևանը: Նրա խոսքով՝ այժմ Իսրայելում ներքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված վարչապետ Նեթանյահուի դեմ կոռուպցիոն մեղադրանքների հետ: Ըստ Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետի՝ այդ գործում որպես վկա հանդես է գալիս հենց «Եշ Աթիդ»-ի առաջնորդ Յայիր Լապիդը:

«Վերջին շրջանում մենք Հայոց ցեղասպանության հարցի շուրջ նախաձեռնություններով հանդես չենք գալիս՝ չցանկանալով շահարկել հայկական հարցը, հաշվի առնելով նաև կոալիցիոն կառավարության և ընդդիմության միջև սուր պայքարը, քանի դեռ կառավարությունը չի հաղթահարել իր ժխտողական կեցվածքը: Միաժամանակ, վստահ ենք, որ գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ հաշվի առնելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները գնալով զարգանում են և ամրապնդվում, ու այլևս սառնություն չկա»,- ասաց Հակոբ Սևանը:

Վերջինս նշեց, որ այս օրերին Իսրայելում է գտնվում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Կնեսետում, այդ թվում՝ Յայիր Լապիդի հետ:

Կնեսետում տեղի ունեցած քննարկման ժամանակ Լապիդը նշել էր. «Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա»:

Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին էլ ավելացրել էր, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:

Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծըառաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ.Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հայերեն العربية English Русский

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար