Տարոն Մարգարյանը պահանջել է Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմից լինել նախաձեռնող

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խոսելով նախորդ տարի կատարած աշխատանքների մասին՝ Դավիթ Գրիգորյանը զեկուցել է, որ հետևողական աշխատանքներ են տարվել բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման, սոցիալական աջակցության, բակերի ու այգիների բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ: Ամբողջովին լուծվել է վարչական շրջանի ևս 12 փողոցների արտաքին լուսավորության խնդիրը: Զեկուցվել է նաև, որ 2017թ. ակտիվ համագործակցություն է ծավալվել Արցախի շրջանների, ՀՀ մարզերի և արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Ներկայացնելով 2018թ. նախատեսված անելիքները՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը, նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի, ակտիվ քայլեր են ձեռնարկվում մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ:

«Պարոն քաղաքապետ, տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի, մենք այս տարի ևս կշարունակենք նպատակային քայլեր ձեռնարկել մասնավոր հատվածի հետ համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ: 2018թ. մեր վարչական շրջանում մասնավորի կողմից շահագործման կհանձնվի երկու նոր արտադրամաս, որոնք, վստահ եմ, կարևոր դերակատարում կունենան ինչպես աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ տնտեսական աշխուժության ապահովման հարցում: Նշեմ նաև, որ այս տարի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ շահագործման կհանձնվի շուրջ 6000 քմ տարածքով հանգստի գոտի, որը յուրօրինակ նվեր կլինի Երևանի հիմնադրման 2800-ամյակին», - նշել է Դավիթ Գրիգորյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարած աշխատանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է վարչական շրջանի արտադրական ներուժի արդյունավետ զարգացմանը:

«Էրեբունի վարչական շրջանի արտադրական ներուժը հարկավոր է զարգացնել՝ նոր շունչ հաղորդելով վարչական շրջանի տնտեսությանը ու լուրջ արդյունքներ գրանցել՝ համագործակցելով թե՛ ներդրողների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ: Մենք պետք է մեր լիազորությունների շրջանակում առավելագույնս կանգնած լինենք բոլոր այն տնտեսվարողների կողքին, ովքեր նոր ու ժամանակակից լուծումներ կառաջարկեն այդ ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:

Որպես կարևոր առաջնահերթություն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը:

«Ներդրումային նախագծերի ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մեր ծրագրերը լայնամասշտաբ են, ինչը պատահական չէ: Փորձը ցույց է տալիս, որ միայն համարձակ նախագծերի իրականացման պատասխանատվությունը ստանձնելով կարելի է շոշափելի արդյունք գրանցել: Բազմաթիվ են փաստերը, որ տարիներ շարունակ Երևան քաղաքի բնակիչների երազանք համարվող շատ ծրագրեր կյանքի են կոչվել հենց այդ համարձակ նախաձեռնությունների արդյունքում ու այսօր էլ շարունակում են աստիաճանաբար իրականություն դառնալ: Պահանջս է աշխատակազմից լինել նախաձեռնող ու առաջարկել այնպիսի ծրագրեր, որոնք առավել գրավիչ ու հարմարավետ կդարձնեն Էրեբունի վարչական շրջանի միջավայրը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի հիմքում հյուրընկալ, ժամանակակից, արագ զարգացող Երևան ունենալն է ու երևանցու համար կյանքի որակի ու հարմարավետության բարձրացումն է:

Հայերեն Русский

Փաշինյանը, խաղաղության հաստատմամբ, Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»

Գրիպի սեզոնին ընդառաջ. համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան

COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

Սևանում շարունակվում են Հայաստանի Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները