Սպորտ

Փհենչհան-2018. «սպիտակ խաղերին» մասնակցության Հայաստանի անցյալն ու ներկան. hայ մարզիկներն առաջնորդվում են օլիմպիական ոսկե կարգախոսով

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշված օրեր անց մարզական հասարակության և սպորտասերների ուշադրությունը կսևեռվի դեպի Հարավային Կորեա: Փհենչհանը կընդունի XXIII ձմեռային Օլիմպիական խաղերը: 4 տարի շարունակ աշխարհի տարբեր ծայրերում, հազարավոր մարզիկներ աշխատում, երազում և ապրում են օլիմպիական ընտանիքի անդամ դառնալու` «Սպիտակ խաղերին» մասնակցելու համար: Համախմբվելով օլիմպիական գաղափարների շուրջ` տարբեր ազգային պատկանելության, դավանանքի, աշխարհայացքների տեր մարզիկները միասին փորձում են լինել ավելի ուժեղ, ավելի բարձր և ավելի արագ` «իրականացնելու անհասանելի թվացող երազանքները»: Հենց այդ մարզիկներից էլ «ծնվում են» նորերը, ովքեր ոգեշնչում են` «ապրել հանուն հարգանքի, վճռականության և հրաշքի»:

Փհենչհան՝ Օլիմպիական խաղերի մայրաքաղաք

2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացրել էին նաև գերմանական Մյունխեն և ֆրանսիական Անսի քաղաքը: Հյուրընկալող քաղաքի վերջնական ընտրությունը կայացավ 2011 թվականի հուլիսի 6-ին` ՄՕԿ-ի 123-րդ համաժողովի շրջանակներում: Փհենչհանը տեղակայված է Գանգվոն նահանգում` մայրաքաղաք Սեուլից 180 կմ հարավ-արևելք: Կորեացիներին միայն երրորդ փորձից հետո հաջողվեց հյուրընկալել ձմեռային խաղերը: Մինչ այդ նրանք զիջեցին Վանկուվերին (Կանադա, 2010) և Սոչիին (Ռուսաստան, 2014):

Օլիմպիական մարզադաշտի կառուցման համար կազմակերպիչները ծախսել են մոտ 100 միլիոն դոլար: Խաղերի ավարտից հետո այն կապամոնտաժվի: Մարզիկների, ազգային պատվիրակությունների համար օլիմպիական գյուղում կառուցվել են 1522 սենյակներ: Իսկ շենքերը կլինեն 15-25 հարկանի: Իսկ ընդհանուր առմամբ Օլիմպիական խաղերի ծախսերը կազմել են 13 միլիարդ ԱՄՆ դոլար: Խաղերին կմասնակցեն 92 երկրի 2952 մարզիկներ:

Պատմական ակնարկ

Ժամանակակից առաջին ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացվել են հեռավոր 1924 թվականին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում: Այդ խաղերին մասնակցում էին 16 ազգության 258 մարզիկներ: Խաղարկվել են մեդալների 16 հավաքածու: Այս ձմեռային խաղերը երրորդն են Ասիայում` մինչ այս 1972 թվականին «սպիտակ խաղերը» կայացել են ճապոնական Սապորո և 1998 թվականին Նագանո քաղաքներում: Իսկ Կորեան անցկացնում է արդեն երկրորդ Օլիմպիական խաղերը: 1988 թվականի ամառային Խաղերը կայացել են Սեուլում:

Հայաստանը ձմեռային Խաղերում

Հայաստանի անկախացումից հետո մեր երկիրը ձմեռային Օլիմպիական խաղերին սկսեց մասնակցել 1994 թվականից սկսած: Լիլիհամերի 17-րդ ձմեռային Խաղերին Հայաստանն ուներ միայն 2 մասնակից: Ժոզեֆ Ալմասյանը և Քեննեթ Թոփալյանը ղեկասահման մարզաձևում (Բոբսլեյ) գրավեցին 36-րդ տեղը:

1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանն ուներ 7 մասնակից` Արսեն Հարությունյան (լեռնադահուկ, 27-րդ տեղ), Ալլա Միքայելյան (դահուկավազք, 30 կմ 58-րդ), Արմեն Ռաֆայելյան (Ֆրիսթայլ, 19-րդ տեղ), Մարիա Կրասիլցևա-Ալք-դր Չեստնիխ (գեղասահք 19-րդ տեղ) և Սամվել Գոյզալյան-Քսենյա Սմետանենկո (գեղասահք, 24-րդ տեղ):

Սոլթ Լեյք Սիթիի 19-րդ Օլիմպիական խաղերին (2002 թվական) Հայաստանն ուներ 9 մարզիկ` լեռնադահուկորդներ Արսեն Հարությունյան (77-րդ տեղ), Վանեսա Ռաքեջյան (47-րդ տեղ), Մարիա Կրասիլցևա-Արտյոմ Զնաչկով (գեղասահք, 20-րդ տեղ), Յուլիա Լեբեդևա (մենասահք, 27-րդ տեղ) և Դանիել Ջանջիգյան-Ալեքսանդրու Ջորջոս (ղեկասահնակ, 33-րդ տեղ), Արամ Հաջիյան (դահուկավազք, 50 կմ, 57-րդ տեղ), Մարգարիտա Նիկոլյան (դահուկավազք, 10 կմ, 56-րդ տեղ):

2006 թվականի Թուրինի (Իտալիա) 20-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի ներքո ներկայացան 5 մարզիկներ: Լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը 45-րդն էր, գեղասահորդներ Անաստասիա Գրեբենկիա-Վազգեն Ազրոյան զույգը 20-րդն էր, դահուկորդներ Հովհաննես Սարգսյանը (15 կմ) 79-րդն էր, իսկ Էդգար Խաչատրյանը սպրինտում 80-րդն էր:

Կանադական Վանկուվեր (2010) քաղաքի «սպիտակ խաղերին» Հայաստանն ուներ ընդամենը 4 մասնակից: Դահուկորդներ Քրիստինե Խաչատրյանը (10 կմ) 75-րդ էր, իսկ Սերգեյ Միքայելյանը (15կմ)` 70-րդը: Լեռնադահուկորդներ Անի-Մատիլդա Սերեբրյակյանը և Արսեն Ներսիսյանը չեն եզրափակել մրցաշարը:

2014 թվականի Սոչիի 22-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի 4 մարզիկներից դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը 46-րդն էր, Արթուր Եղոյանը` 68-րդը, Կատյա Գալստյանը` 64-րդը, իսկ լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանը` 46-րդը:

Ակնկալիքներ

Հեծանիվ չենք հորինի, եթե փաստենք, որ Հայաստանը ձմեռային խաղերին մասնակցում է օլիմպիական կարգախոսով` «կարևորը մասնակցությունն է»: Ձմեռային մարզաձևերը մրցունակ չեն միջազգային մրցաշարերին, և Փհենչհանի Օլիմպիական խաղերում էլ Հայաստանը մեդալների համար մրցավազքից դուրս է մնալու: Եթե ամառային Օլիմպիական խաղերի որոշ մարզաձևերում Հայաստանը ֆավորիտ երկրների շարքում է, ապա «սպիտակ խաղերում» մեր մարզիկները պարզապես ձգտում են բարելավել իրենց իսկ արդյունքները: Բայց արդարության դեմ չմեղանչելով պետք է փաստել, որ ֆինանսապես ձմեռային մարզաձևերին ուշադրությունը շատ ավելի քիչ է, քան Հայաստանում հենակետային համարվող մի շարք մարզաձևերի: 23-րդ ձմեռային խաղերում Հայաստանն ունի 3 մասնակից` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Միքայելը և Աշոտը ընդամենը 18 տարեկան են և փորձառու չես համարի նրանց, թեպետ Միքայելը համեմատության մեջ միջազգային փորձ ունի: Դահուկորդը մասնակցել է 2016 թվականի Լիլիհամերի ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերին և մինչ Փհենչհան մեկնելը նաև մասնակցեց աշխարհի Մ23 տարեկանների առաջնությանը: Աշոտն այս տարի մասնակցեց միայն Հայաստանի առաջնությանը: Մեր երեք մասնակիցներից Կատյա Գալստյանն ավելի փորձառու է: Վերջինս մասնակցել է նաև 2014 թվականի Սոչիի Խաղերին:

Ձմեռային մարզաձևերը միշտ էլ երկրորդ պլանում են եղել: Մեր մարզիկները, եթե անգամ տաղանդավոր են, փորձի, հնարավորության և ֆինանսի բացակայության պատճառով կշարունակեն բավարարվել ոչ թե օլիմպիական մեդալների պայքարով, այլ` կարգախոսով` կարևորը մասնակցությունն է…

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Русский

Իսրայելական ուժերն ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանի

Հայաստանի հավաքականը կմասնակցի եվրոբասկետի նախընտրական փուլին

Մենք կոռուպցիան համարում ենք սպառնալիք մեր ազգային անվտանգությանը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը կմիանա տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին

ԿԳՄՍ փոխնախարարն ավարտական վկայականներ է հանձնել «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

Տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին

Բելառուսը չի պատրաստվում մտնել այլ պետությունների կազմ. Լուկաշենկո

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ

Նոր Նորքի թաղապետը չպետք է շարունակի պաշտոնավարումը․ ԱԺ նախագահ