Հայաստանը կմիանա տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին
4 րոպեի ընթերցում

Հայաստանը կմիանա Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագրին (Աշգաբաթի համաձայնագիր)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել համապատասխան նախագծին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Աշգաբաթի համաձայնագրին Հայաստանի միանալը կստեղծի նոր հնարավորություններ Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օման ծովի նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքում ինտեգրման և անդամ պետությունների տրանսպորտային և տարանցիկ պոտենցիալից օգտվելու համար։
Նշվում է նաև, որ Համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։
Համաձայնագրին միանալը կապահովի նաև տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցումը, մաքսային ընթացակարգերի դյուրացումը, անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելը։
Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը:
Նշվում է, որ Համաձայնագրին միանալը համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի N 1363-Ա որոշման շրջանակներում նախատեսված ծրագրերին, համաձայն որի՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը, որի շրջանակներում ակտիվ քայլեր են իրականացվելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, հատկապես՝ լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար, Կառավարությունը նախաձեռնող է լինելու Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և համագործակցային նոր հարաբերությունների կայացման ուղղությամբ և նպաստելու է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
Համաձայնագիրը համահունչ է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը Համաձայնագրիր համապատասխանությունը որոշելու նպատակով ՀՀ կառավարությունից կդիմի Սահմանադրական դատարան, ինչից հետո այն կուղարկվի Ազգային ժողովի վավերացմանը։