Մայր կուսակցությունը դեռ չի հնչեցրել հայ ժողովրդի պատմության մեջ իր ամենակարևոր խոսքը. ՍԴՀԿ-ն նշում է հիմնադրման 130-րդ տարեդարձը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ-Հնչակյան կուսակցությունը նշում է կազմավորման 130-րդ տարեդարձը: Հունվարի 26-ին տեղի ունեցավ կուսակցության 130-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառման մեկնարկին ՀՀ Սփյուռքի նախարարն ընթերցեց ՍԴՀԿ կազմավորման 130-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը. «Հարգելի տիկնայք և պարոնայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 130-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր ՍԴՀԿ-ն եղել է հայոց ազգային կյանքի առաջատար ուժերից մեկը: Կառույցն իր 130-ամյա գործունեության ընթացքում մշտապես համախմբել է ազգանվեր գործիչների, որոնք անմնացորդ նվիրվել են հայրենիքի պաշտպանության, շենացման և համայնքային կյանքի կազմակերպման առաքելությանը: Այսօր էլ տարիների հեռվից ՍԴՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած հիմնական սկզբունքներին` հայապահպանությանը և Հայկական հարցի արդար լուծմանը: Տասնամյակների ընթացքում ՍԴՀԿ-ի գործունեությունը իր ծիրում ներառել է կրթական, մշակութային, բարեսիրական, մարզական մի շարք ոլորտներ: Անկախությունից ի վեր ՍԴՀԿ-ն իր մասնակցությունն է բերում նաև Հայոց պետականության կայացման և զարգացման գործում: Այս տարի ազգովի փառաբանում ենք Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի մեկդարյա հոբելյանը`որպես հայ ժողովրդի ազատատենչ ոգու հաղթանակի խորհրդանիշ, Հայաստանի հետագա վերելքի և հզորանալու գրավական: Վստահ եմ, հատկապես սփյուռքում դուք կդառնաք հոբելյանական տոնակատարությունների ջահակիրներից: Կրկին շնորհավորում եմ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներին, համակիրներին կուսակցության հիմնադրման 130-ամյակի առթիվ և մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ` հանուն մեր ազգային իղձերի և նպատակների իրականացման, հանուն հզոր Հայաստանի, հայ ժողովրդի բարօրության, հայրենադարձության և ազգային միասնության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ Նախագահի ուղերձում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ավագ միաբան, Տեր Ոսկան արքեպիսկոպոս Կարպակյանը իր խոսքում շեշտեց, որ չէր կարող իր մասնակցությունը չբերել ՍԴՀԿ 130-ամյակին նվիրված միջոցառմանը, քանի որ այդպիսով կդավաճաներ իր հորը: «Հայրս 1907թ. դարձել է Հնչակյան կուսակցության անդամ: Երկու եղբայրներիս կոչել են իրենց մեծ հորեղբայրների անուններով, սակայն, երբ ես եմ ծնվել, անունս դրել են Ժիրայր: Մի օր` մինչ իր մահանալը, հարցրեցի` հայրիկ, ինչի՞ համար իմ անունը Ժիրայր դրեցիր: Նա պատասխանեց, որ իր համար հայ ժողովրդի և Հնչակյան կուսակցության պատմության մեջ Ժիրայրի նման վեհ մարդ չկա: Դուք բոլորդ պետք է իմանաք, եթե չեք իմացել, չեմ կարող ձեզ պատմել Ժիրայրի պատմությունը, Հնչակյան Ժիրայրի պատմությունը, ով ծպտված` որպես հոգևորական, 19-րդ դարի վերջերին քարոզեց հեղափոխություն և ընկերվարություն, այնուհետև ձերբակալվեց ու թուրքերի կողմից կախաղան հանվեց: Խոսքն այդ Ժիրայրի մասին է, ում պատվին հայրս իմ անունը Ժիրայր է դրել: Սակայն ես հետո հոգևորական դարձա, իմ անունը դարձավ Ոսկան: Ո՞ր մեկն եմ ես` Ժիրայրը, թե՞ Ոսկանը: Եթե Ոսկանն եմ, հոգևորական եմ, իմ առաջին պարտավորությունը Աստծո և եկեղեցու նկատմամբ է: Եթե Ժիրայրն եմ, իմ առաջին պարտավորությունը հայրենիքի և հայրենիքի ազատագրման համար է»,- ընդգծեց Տեր Ոսկան արքեպիսկոպոս Կարպակյանը:

Նա հավելեց, որ ՍԴՀԿ-ն շարունակում է մնալ հեղափոխական, ազգային, գերագույն շահերի պաշտպանության կուսակցություն: «Ինձ համար Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կա և մնում է ժողովրդի սոցիալական շահերի պաշտպանության և արդարության կուսակցություն»,- եզրափակեց Տեր Ոսկան արքեպիսկոպոս Կարպակյանը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ժողովրդի անդավաճան զավակ, տասնյակ տարիների ընթացքում իր լավագույն ընկերներին հայրենիքի համար մղվող պայքարում զոհասեղանին նվիրած, մեր իրականության առաջին` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը բոլորեց 130-րդ տարին: Նրա խոսքով` դա մի տարիք է` քաղաքական, մարտական լրջագույն կենսագրություն, որին կնախանձեին աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող տասնյակ երկրներ: «Հնչակյան կուսակցությունը ոչ միայն աշխարհի ամենահին քաղաքական կազմակերպություններից է, որից առանց բացառության սերում են հայ և օտար բազմաթիվ կուսակցություններ և քաղաքական միություններ: Վստահաբար կարելի է փաստել, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Հայաստանի հարևան երկրների մեծ մասում գործող ձախակողմյան կուսակցությունների 90 տոկոսը իրենց առաջին քայլերն են արել Հնչակյան կուսակցության այդ օրերի գործիչների գաղափարական համոզմունքներից դրդված: Ավելին` Օսմանյան Կայսրության և ժամանակակից Թուրքիայի մեջ առաջին անգամ ընդհանրապես ազգային-ընկերվարական հայացքներ է քարոզել հենց մայր կուսակցությունը, որի լավագույն զավակներից Փարամազի նկարը կախված է բոլոր առաջադեմ թուրք, քուրդ, ասորի և Թուրքիայի հայկական համայնքի մտավորականների գրասենյակներում` իբրև նոր խոսքի, ազատ ու հավասար միջավայրում ապրելու գաղափարախոսության հիմնադիր»,- ընդգծեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը:

Նարեկ Գալստյանը շեշտեց, որ Հնչակյան կուսակցությունը հայ ժողովրդի անբաժան մասն է, օրհասական վտանգների նեցումը, որը` անկախ ներքին քաղաքական բազմաթիվ տարաձայնություններից և օրվա իրավիճակից, երբեք չի զլացել մի կողմ դնել ցանկացած ներքին հարց և անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը: «Հնչակյան կուսակցությունը սոցիալական արդարությանը հավատացող, վայրի կապիտալիզմին, մարդու կողմից մարդու շահագործմանը վճռական դեմ ազգային-ընկերվարական կազմակերպություն է և երբեք ու ոչ մի քայլ հետ չի դրել ու հետ չի դնելու իր համոզմունքներից: Փաստ է, որ հայկական ամենահին կուսակցության գաղափարները այնքան էլ ծանոթ չեն Հայաստանի քաղաքացիներին: Եթե մեզ չեն ճանաչում կամ ճանաչում են և չեն վստահում, ապա այստեղ միայն ու միայն մեր մեղքն է: Կուսակցության Հայաստանի կազմակերպության հաջորդ վարչությունը, որը կձևավորվի առաջիկա փակ աշխատանքային խորհրդակցություններից հետո, մեծ առաքելություն ունի` ներկայացվել Հայաստանի ամենահեռավոր գյուղերում, քարոզել մեր գաղափարները, արդար ու ուժեղ պետություն ունենալու մեր տեսլականը»,- նշեց Գալստյանը` շեշտելով, որ առաջիկա երկու տարիները կուսակցության երբեմնի ունեցած փառքը վերականգնելու ու քաղաքական ազդու կազմակերպության վերածվելու ժամանակ պետք է դառնա:

Նա վստահություն հայտնեց, որ որքան էլ հպարտանան իրենց մաքրամաքուր պատմությամբ, մայր կուսակցությունը դեռ չի հնչեցրել հայ ժողովրդի պատմության մեջ իր ամենակարևոր խոսքը: «Ուրեմն այլևս պետք է կրենք այդ պատմական առաքելությունը, որը մեզ վրա է դրվել սերունդների կողմից»,-եզրափակեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց կուսակցության 130-ամյա ուղին ներկայացնող կարճ տեսաֆիլմ: Տեսաֆիլմի ցուցադրությունից հետո տրվեց կուսակցության 11-րդ համագումարի մեկնարկը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում