Սփյուռք

Փայլանը ցուցմունք է տվել Եվրոպայում թուրքահայերի դեմ մահափորձի հայտարարությունների հետ կապված

3 րոպեի ընթերցում

Փայլանը ցուցմունք է տվել Եվրոպայում թուրքահայերի դեմ մահափորձի հայտարարությունների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն Անկարայի արդարադատության պալատում ցուցմունք է տվել դատախազին այն հայտարարության առնչությամբ, համաձայն որի Եվրոպայում Թուրքիայից հաստատված անձանց, այդ թվում և ալևիների ու հայերի դեմ մահափորձեր են նախապատրաստվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Փայլանը 2017 թվականի դեկտեմբերի 20-ին մեջլիսում հայտարարել էր, որ արտերկրում բնակություն հաստատած մի շարք լրագրողներ և ակադեմիկոսներ, ում Թուրքիայի կառավարությունը, նախագահ Էրդողանը և ԶԼՄ-ները «հայրենիքի դավաճան» են որակել և թիրախավորել, Թուրքիայում կենտրոնացած մի կառույցի կողմից մահափորձերի են ենթարկվելու: Նա տեղեկացրել էր, որ գոյություն ունի թիրախավորված անձանց հստակ ցուցակ, որը նա ներկայացրել է Թուրքիայի իրավապահ մարմիններին, Ազգային անվտանգության ծառայությանն ու համապատասխան նախարարություններին:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորի այս հայտարարությունից հետո Անկարայի հանրապետական դատախազությունը կանչել է նրան ցուցմունք տալու:

Հունվարի 11-ին Փայլանն իր փաստաբանի հետ գնացել է դատախազություն և ցուցմունք է տվել: «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա իմ ընկերն էր: Այն ժամանակաշրջանում թիրախավորվել էր: Ուզում էի, որ երկրից դուրս գնա, սակայն չգնաց և սպանվեց: Այժմ էլ մի շարք անձինք, այդ թվում և Ջան Դյունդարը (խմբ.- հայտնի ընդդիմադիր թուրք լրագրող) քաղաքական գործիչների և մեդիայի կողմից թիրախավորվել են: Տեղեկություններ ունենք, որ Գերմանիայում այդ անձանց դեմ մահափորձեր են կազմակերպվում: Այս հարցում հստակ տեղեկություններ ու փաստաթղթեր չկան: Հայտարարություն եմ արել բանավոր տեղեկատվության հիման վրա»,- իր ցուցմունքում ասել է Փայլանը:

Մեջլիսում Փայլանի հայտարարությունից հետո Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ տեղյակ են Փայլանի հայտարարության մասին: «Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի և պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- ասվում էր իրավապահ մարմինների հայտարարության մեջ:

Թուրքիայում շարունակվող հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթն օրերս ևս մեկ անգամ ուշադրություն էր հրավիրել այդ երկրում բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին տեղեկատվության վրա: «Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ: Լրջորեն վերաբերվեք Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին»,- գրել էր Բաղդաթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում