Մշակույթ

Մայր թատրոնը հաջող թատերական տարի է ունեցել

2 րոպեի ընթերցում

Մայր թատրոնը հաջող թատերական տարի է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2017 թվականին չորս առաջնախաղ է ներկայացրել, նոր գործընկերներ ձեռքբերել: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

«Մեզ համար այս տարին բեղմնավոր էր: Թատրոնը պետության առջև ստանձնած իր պարտականությունները կատարել է հարյուր և ավելի տոկոսով: Թվերը պատրաստվում ենք ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց թատրոնի տնօրենը:

Այս տարի Մայր թատրոնը չորս նոր ներկայացում է կյանքի կոչել` «Արծվաբույն», որն անդրադառնում է արցախյան ազատամարտին, «Վերադառնում եմ` մոռացեք» էքսպերիմենտալ բեմի համար նախատեսված բեմադրությունը, որը վերջերս Մոլդովայում կայացած միջազգային թատերական փառատոնի է մասնակցել, Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսի հիման վրա իրականացված բեմադրությունը և ի վերջո երեխաների համար նախատեսված «Սառցե սիրտը» ամանորյա հեքիաթ-ներկայացումը:

Մկրտչյանի խոսքով` իրենք փայլուն են կատարել «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում իրենց մասնաբաժինը: «Բոլոր այն մարզերը` Արցախ, Շիրակ, Լոռի, Սյունիք, որտեղ մենք հյուրընկալվեցինք, մեզ դիմավորեցին լեփ-լեցուն դահլիճներով: Տարին հաջող էր նաև գործընկերներ ձեռքբերելու տեսանկյունից. բանկեր, հիմնադրամներ»,-եզրափակեց Վարդան Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում