Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի զարգացման գործում ներդրում ունեցած անձինք մրցանակների արժանացան
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ թանգարանի տնօրինությունը հաստատության գործունեությունը հարստացրած անձանց ու կազմակերպություններին դեկտեմբերի 27-ին մրցանակներ ու շնորհակալագրեր հանձնեց:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարին մեզ համար առատ էր նշանակալի ձեռքբերումներով, գրավիչ ծրագրերով, թանգարանի հոբելյանին նվիրված միջոցառումներով, և այդ ամենը պատվով իրականացրեցինք այն մարդկանց շնորհիվ, որոնք իրենց մասնակցությամբ նպաստեցին մեր նվաճումներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Նրա խոսքով` ողջ տարվա ընթացքում թանգարանի կողքին են եղել մի շարք կազմակերպություններ, սակայն տնօրենն առանձնացրեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը:
Օթարյանը նրանց հատուկ հուշանշաններ շնորհեց` ստեղծված թանգարանի 50-ամյակի կապակցությամբ:
Օպերային թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանն ասաց, որ իրենք արդյունավետ և բեղմնավոր համագործակցություն են իրականացնում թանգարանի հետ և ցանկանում են, որ այն շարունակական լինի: «Մենք միշտ թանգարանի կողքին ենք ու պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության, որն ուղղված կլինի թանգարանի զարգացմանը»,-շեշտեց Կիրակոսյանը:
Դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը խոստովանեց, որ շատ զգացված է: «Մենք միշտ ձեր կողքին ենք, իսկ դուք` մեր: Ճիշտ է` դպրոցն ավելի մեծ է, բայց մեր շրջանավարտները երբեք չեն զգացել մեր ավագ լինելը, քանի որ այն տունը, որտեղ ստեղծագործել է Սպենդիարյանը դպրոցի շարունակությունն է: Մեր շրջանավարտները մկրտվում են այստեղ»,-եզրափակեց նա:
Թանգարանի աշխատակազմն առանձնացրել էր 17 անվանակարգ:
«Ամենաակտիվ դպրոց» անվանակարգում մրցանակի արժանացան Սիամանթոյի անվան 162 և «Ուսում» հանրակրթական դպրոցները: «Ամենաակտիվ մասնագիտական դպրոց» համարվեց Հաղորդավարների և լրագրողների «ԹիՎի իդեալ» դպրոց-ստուդիան, «Աջակից դասախոս» անվանակարգում մրցանակ տրվեց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ Հռիփսիմե Պիկիչյանին, «Ամենաակտիվ ուսուցիչ» մրցանակի արժանացավ Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի ուսուցիչ Ալվարդ Հայրապետյանը:
«Աջակից ուսուցիչ» ճանաչվեց Երևանի թիվ 99 հիմնական դպրոցի ուսուցիչ Ագապի Մադոյանը, «Ամենաակտիվ աշակերտ» համարվեց Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ Ավետիք Միրաքյանը:
«Ամենաակտիվ այցելու» ճանաչվեց Լիլիթ Մարտիրոսյանը, «Ամենանախաձեռնող ծնող» Նաիրա Փայտյանը, «Աջակից լրատվամիջոց»` «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, «Աջակից հեռուստանախագիծ»` Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագիրը, «Աջակից լրագրող»` «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Աննա Կարապետյանը:
«Ամենաարդյունավետ համագործակցություն» համարվեց «Ինտերակտիվ վորլդ» ընկերությունը, «Թանգարանի շտապօգնություն»` «Էդիթ պրինտ» հրատարակչությունը, «Թանգարանի նոր գործընկեր»` «Կենաց տուն» մշակութային Հ/Կ, «Թանգարանի նոր բարեկամ» համարվեց Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի ուսուցիչ Լուսինե Այվազյանը, «Թանգարանի հին բարեկամ» ճանաչվեց «Ինտեր փրինթ» ընկերության համահիմնադիր Սարգիս Խանզադյանը:
«Թանգարանի «արտահաստիքային» աշխատակից-ընկեր»` Վարդան Մաթևոսյան: Հատուկ շնորհակալագրի արժանացավ «Րաֆֆի-Արև» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ-դիզայներ Աննա Բարսեղյանը:
Մրցանակի՝ երաժիշտների շարժ-արձանիկների հեղինակն է հայրենիքում հաստատված սիրիահայ վարպետ Կարապետ Կավաֆյանը։
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թվականին: Տուն-թանգարանի հավաքածուն սկզբում կազմում էր 400 միավոր: Հետագայում ֆոնդերը համալրվեցին և ներկայումս ֆոնդային հավաքածուն կազմում է 1345 թանգարանային առարկա։ Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, մամուլ ու գրքեր։
Տուն-թանգարանի մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել թանգարանային այնպիսի յուրօրինակ առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի մտահաղացմամբ պատրաստված «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը և«Ալմաստ» օպերայիերևանյան առաջին բեմադրության ազդագիրը։