Ամենամեծ արժեքը՝  մարդն է. զրույց դերասան, ռեժիսոր Լուիզա Կոնստա Սարգսյանի հետ

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Հայաստանում էր Շվեդիայում բնակվող մեր հայրենակիցը՝ դերասան, ռեժիսոր Լուիզա Կոնստա Սարգսյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է շնորհալի արվեստագետի հետ զրույցն ամբողջությամբ:

-Լուիզա, Ձեր մասին՝ որպես հետաքրքիր, կրեատիվ մտածողության մարդու և արվեստագետի լսել եմ իմ արվեստագետ ընկերներից, տեղեկացել հայաստանյան, արտերկրի մամուլից, համացանցից:Դուք անցել եք մասնագիտական հետաքրքիր ճանապարհ, որը սկիզբ է առել դեռևս «Հայֆիլմից»... Կպատմե՞ք:

- Այո, ավարտելով «Հայֆիլմ» կինոստուդիայի «Կինոյի և թատրոնի դերասան» բաժինն ընդունվել եմ Մանկավարժական ինստիտուտի «Կուլտուրայի» ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին՝ Հենրիկ Մալյանի ղեկավարությամբ: Ավարտելուց հետո, ամուսնացել եմ և տեղափոխվել Գյումրի: Երկրաշարժից հետո էր... Հենրիկ Իգիթյանի գեղագիտական կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում թատերական խմբի ղեկավար էի, միաժամանակ, ընդունվեցի նորաբաց «Շիրակ» հեռուստաընկերություն՝ որպես ռեժիսոր: Հետո հանգամանքների բերումով վերադարձա Երևան... այստեղ աշխատում էի «Կենտրոն» հեռուստաընկերությունում մանկական հաղորդման ռեժիսոր, այնուհետև՝ որպես դերասան աշխատանքի անցա «Փոսի» թատրոնում: Ցավոք թատրոնը փակվեց... և ես որոշում կայացրեցի մեկնել... 2008 թվականին մեկնեցի Շվեդիա: Սկզբնական շրջանում որպես դերասան հանդես էի գալիս տեղի թատրոնում, սակայն գնահատելով հնարավորություններս՝ հասկացա, որ կարող եմ նաև ներկայանալ որպես ռեժիսոր և նույն թատրոնում ստեղծեցի «Կամին» («Օջախ») թատերական խումբը: Իմ ստեղծած խմբի հետ, որպես ռեժիսոր բեմադրեցի ներկայացումներ մանուկների և մեծահասակների համար: Հաջողված և կարևոր բեմադրություններից են Հ. Թումանյանի հեքիաթները, որոնք և դարձան իմ այցեքարտը:

-Դժվար չէ՞ր Թումանյանի հեքիաթները ներկայացնել շվեդերենով, թարգմանության մեջ պահելով համն ու հոտը: Ո՞ր հեքիաթներն եք ներկայացրել և ինչու:

-Բեմադրեցի Թումանյանի «Սուտասանը» և «Անխելք մարդը»: Թարգմանությունը՝ հայերենից շվեդերեն կատարել եմ ես՝ փորձելով պահպանել թումանյանական լեզվի, ինչպես ասում են «աղն ու պղպեղը»: Ընտրությունս կանգ առավ այս ստեղծագործությունների վրա, որովհետև թեմաները համամարդկային են, շղարշված նուրբ հումորով, ինչը հասկանալի է բոլորին՝ անկախ ազգությունից: Դերասանները լինելով ազգությամբ շվեդ՝ մեծ զգացումով, սիրով ու նվիրումով էին խաղում: Ներկայացման մեջ ես անգամ պահել էի մի քանի հայերեն արտահայտություններ՝ պահպանելու համար հայկական շունչն ու միջավայրը: Սակայն հայերենով հնչող այդ արտահայտությունները մնացին ոչ միայն բեմում, այլև դուրս եկան ներկայացման և բեմի սահմաններից: Օրինակ, ներկայացման մեջ, երբ գայլը հանդիպում էր անխելք մարդուն ասում էր. «Բարև ախպեր ջան, ո՞ւր ես գնում», շվեդ դերասաններն այս և մյուս արտահայտությունները կիրառում էին նաև կյանքում՝ միմյանց այդկերպ դիմում կամ ողջունում: Նշեմ, որ ներկայացումը կայացավ հայտնի «Բիանկա» թատրոնում, որտեղ առաջնախաղին ներկա էին Շվեդիայում ՀՀ դեսպան Ապիտոնյանը, հայկական համայնքի անդամները, Եվրամիության գրասենյակի ներկայացուցիչները, շվեդ թատերասերներ և այլն:

-Այսկերպ ոչ միայն հայ հեղինակին եք ներկայացնում աշխարհին, այլև հայերենն ու հայկականությունը: Որքան հայտնի է ինձ, հայոց լեզվի հանրահռչակման և պահպանման գործում Ձեր առաքելությունն այսքանով չի սահմանափակվում:

-Պիտի ասեմ, որ Շվեդիա տեղափոխվելուց անմիջապես հետո աշխատանքի անցա եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցում: Այնտեղ էլ ներկայացումների միջոցով փորձում էի հայոց լեզվի հանդեպ սեր արթնացնել, սովորեցնելով նաև հայ կոմպոզիտորների երգերը, Կոմիտասի, Եկմալյանի ստեղծագործությունները: Ներկայացման միջոցով երեխաները ոչ միայն լեզուն էին սովորում, այլ նաև ծանոթանում՝ հայ գրականությանը, երաժշտությանը, պարերին և պատմությանը: Արդյունքում, հայկական դպրոցում բեմադրեցի 4 ներկայացում: Երեխաների հետ անցկացրած ժամանակահատվածը շատ լավն էր, սակայն ժամանակի սղության պատճառով ստիպված էի թողնել այդ աշխատանքը: Կապերս երեխաների հետ պահպանվում են, նրանցով ես շատ հետաքրքրված եմ:

-Մասնագիտական էլ ինչ կարևոր ձեռքբերումներ ունեցաք Շվեդիայում:

-Կարևոր ձեռքբերումներիցս եմ համարում Ուփսալա քաղաքի մայր թատրոնից հրավերը, որտեղ աշխատում էի պայմանագրով: Պատմություն ունեցող այս հին թատրոնում ես հրավիրված էի խաղալու երկու դեր՝ Բերտոլդ Բրեխտի «Բարի մարդը Սեզուանից» ներկայացման մեջ:

-Որքան ինձ հայտնի է Դուք առաջին հայկական ազգանունով դերասանն եք, ում բախտ է վիճակվել խաղալ տեղի մայր թատրոնում:

-Մասնագիտական առումով դա մեծ առաջխաղացում է, սակայն ընդհանրապես ձեռքբերում եմ համարում այն, որ շատ շվեդներ, Հայաստանից ամենևին տեղյակ չլինելով, ինձնով ճանաչեցին և բացահայտեցին Հայաստանը: Նրանցից շատերը մեր ծանոթությունից հետո Վիքիպեդիայում փնտրում էին տեղեկություններ Հայաստանի մասին, ծանոթանում՝ մեր մշակույթին, պատմությանը, գրականությանը: Վերջերս էլ շվեդ ընկերներս այցելեցին Հայաստան. միասին շրջեցինք մեր պատմամշակութային վայրերով, ծանոթացան Հայաստանի համ ու հոտին: Արդյունքում, նրանք հիացած և հետաքրքրված են Հայաստանով, ինչն ինձ համար անչափ կարևոր, հաճելի և ուրախալի է:

-Շվեդիայում հայկական համայնքն ինչպե՞ս է գործում:

-Ըստ իս, համայնքը շատ լավ է իրականացնում իրեն վերապահված գործառույթները: Համեմատելով Գերմանիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի հետ՝ Շվեդիայում հայ համայնքը մեծ չէ, իսկ հայկական դեսպանատունն էլ բացվել է ընդամենը չորս տարի առաջ: Մեր դեսպանը՝ Արտակ Ապիտոնյանը շատ համակրելի և գրագետ անձնավորություն է, ով փորձում է եզրեր գտնել համայնքի հին և նոր անդամների հետ՝ իմի բերել, գտնել կարող ուժեր, մարդկանց՝ ովքեր ունակ են նպաստելու հայ արվեստի, մշակույթի, գրականության տարածմանն ու հայապահպանությանը:

-Ի՞նչ ծրագրերով եք այս անգամ Հայաստանում:

-Մի ծրագրով, որը իմ մեջ երկար էր հասունանում. դա հայ-շվեդական մշակութային կամուրջների ստեղծումն է: Երկրներ, որոնք շատ տարբեր են, բայց միևնույն ժամանակ ունեն կարևոր ընդհանրություններ՝ սկսած մարդկային պարզ հույզերից: «Երբ միասին եք աշխատում, երբեք մի մտածեք, թե ինչն է ձեզ բաժանում, այլ մտածեք, թե ինչն է ձեզ միավորում»,-սա շվեդական ասույթ է, բայց կարծում եմ, բոլոր տեսակի համագործակցությունների պարագայում էլ շատ տեղին է ասված: Այս համատեքստում էլ կառուցել եմ մեր համագործակցությունը. ցանկանում եմ հայ և շվեդ դերասանական խմբերի հետ բեմադրել համատեղ ներկայացում, որը կներկայացվի և՛ Հայաստանում և Շվեդիայում: Համատեղ գործակցության մեջ նախանշել եմ նաև գրքերի թարգմանությունը՝ հայերենից շվեդերեն և հակառակը. մասնավորապես՝ մանկապատանեկան գրականության ոլորտում՝ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանությունը մեծապես կնպաստի ոլորտի զարգացմանը: Մյուս կարևոր նախագիծը՝ կրթամշակութային է. կցանկանայի Հայաստանում հիմնել կրթօջախ, որտեղ սկանդինավյան երկրների կրթական մեթոդներով կդասավանդվի լեզուներ՝ այդ երկրների մշակույթը, գրականությունը և այլն: Սա համագործակցության, միմյանց ճանաչելու լավագույն միջոցներից է: Օրինակ՝ Շվեդիայում մշակույթն ու արվեստը մինիմալիստական է, փոխարենը՝ Հայաստանում մոտեցումները մաքսիմալիստական են, ինչը ներդաշնակորեն կլրացնեն միմյանց:

-Համագործակցության հիմքեր դնելու համար, ի՞նչ քայլեր են արվում:

-Նախ և առաջ երկու երկրներից էլ գաղափարի շուրջ համակիրների թիմ է ձևավորվում: Իհարկե, աշխատելու ենք նաև դեսպանատների հետ, իսկ ֆինանսավորման աղբյուրները կփնտրենք դրսում:

-Շվեդներն ունեն բավականին ուժեղ, ներկայանալի մանկապատանեկան գրականություն: Այս ոլորտի մանկական գրականության Նոբելյան մրցանակը՝ «Անդերսենի» մրցանակակիրներից է Աստրիդ Լինդգրենը, Մարիա Գրիպեն՝ իրենց հրաշալի գրականությամբ: Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ընթերցանությունը:

-Ընթերցանությունը Շվեդիայում շատ բարձր մակարդակի վրա է դրված: Այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում դեռևս մանկապարտեզից, դպրոցից. գրադարանից օգտվելու մշակույթը, ամեն օր ընթերցանությամբ զբաղվելու կարևորությունը, ընթերցածը վերարտադրելը, գրքի նկատմամբ հոգատարությունն ու հարգանքը՝ քաղաքացու դաստիարակության գործում արվող առանցքային քայլերից է: Ամենուրեք՝ հասարակական վայրերում, փողոցներում կտեսնեք կարդացող մարդկանց: Շվեդիայում մարդիկ ավելի շատ գրադարան են այցելում, քան՝ եկեղեցի:

-Սկանդինավյան երկրների խոհանոցից ի՞նչն եք նախընտրում:

-Նորվեգական բաղադրատոմսով պատրաստված սաղմոնը, առհասարակ, այնտեղ ձկնեղենը շատ համեղ է պատրաստվում:

-Լինելով հայաստանցի, այս անգամ, ի՞նչ եք տանում Ձեզ հետ Հայաստանից:

Մտովի ինձ հետ կտանեմ այն մարդկանց, համախոհներին, ովքեր լսեցին և ողջունեցին իմ գաղափարները՝ հաղորդելով մեծ խթան և ոգևորություն:

-Կյանքում առավելապես ի՞նչն եք կարևորում:

-Մարդուն... և ամենևին կարևոր չէ թե նա ինչ ազգություն, կրոն, մաշկի գույն, սոցիալական դիրք ունի: Ամենամեծ արժեքը՝ Մարդն է:

Զրուցեց՝ ԱԼԼԱ ՍԵՐՈԲՅԱՆԸ

Հայերեն English Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը