Ռաիսա Մկրտչյանը և մի խումբ այլ գործիչներ բնակարաններ կստանան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Մկրտչյանը բնակարան կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի ավագանին 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց օրակարգում ընդգրկված հարցին:
Որոշմանը, սակայն, դեմ քվեարկեցին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները: Մարինա Խաչատրյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է որոշմանը՝ պատճառաբանելով, որ Երեւանում շատ ընտանիքներ կան, ովքեր տանիք չունեն: «Ռաիսա Մկրտչյանն ապրում է մի բնակարանում, որտեղ հաշվառված են չորս հոգի: Երեւանում չորս հոգուց բաղկացած ընտանիքներ շատ կան, ինչու նրանց էլ բնակարան չէք հատկացնում»,-ասաց ԵԾ անդամը:
Մարինա Խաչատրյանին հակադարձելով՝ ավագանու հանրապետական անդամ Լեւոն Իգիթյանը նշեց, որ աշխատել է Ռաիսա Մկրտչյանի հետ, հորդորելով ԵԾ անդամներին բացարձակ արժեքների շուրջ վեճ չունենալ: «Ես ցավում եմ, որ հասել ենք այն վիճակին, որ արդեն բացարձակ արժեքներն ենք կասկածի տակ դնում»,-նշեց Իգիթյանը:
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային
ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին։
Բնակարաններ կստանան նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանն ու նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը:
Երևանի ավագանին քննարկել և հաստատել է նաև Երկրապահ կամավորականների միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ապրես Հովհաննիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու (նվիրելու) մասին որոշման նախագիծը:
Ավագանու կողմից հաստատվել է նաև արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Հրանտ Աղաբեկյանի` գույքի փոխանակման միջոցով բնակարանային պայմանների բարելավման որոշման նախագիծը: