Հասարակական

Երևանի և Մոսկվայի մշակութային ու կրթական հաստատությունների միջև ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր

3 րոպեի ընթերցում

Երևանի և Մոսկվայի մշակութային ու կրթական հաստատությունների միջև ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում դեկտեմբերի 21-22-ը անցկացվող Երևանի օրերի շրջանակում Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպվել է «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանս: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, նշել է, որ վերջին տարիներին նկատվում է երկուստեք կապերի ակտիվացում: Նաիրա Նահապետյանը նաև հույս է հայտնել, որ այս կոնֆերանսն իր հերթին կնպաստի երկու մայրաքաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանն ու նպատակային քայլերի իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կոնֆերանսի շրջանակում խոսելով Երևանի զարգացման ծրագրերի ու վերջին տարիներին իրականացվող մշակութային հստակ քաղաքականության մասին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ նշել է, որ հետևողական ծրագրեր են իրականացվում Երևանի մշակութային օջախների պայմանների բարելավման ու երաժշտական նոր գործիքներով համալրման ուղղությամբ: Հատկանշելով, որ հաջորդ տարի Երևանը տոնելու է հիմնադրման 2800-ամյակը՝ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ 2018 թվականը Երևանի հոբելյանական տարին լինելուց բացի, համայն հայության մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաև որպես մեծ նախաձեռնությունների և նշանակալի ձեռքբերումների տարի։ Առիթն օգտագործելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ռուբեն Հովհաննիսյանը բոլոր ներկաներին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Երևանի 2800-ամյա հոբելյանի տոնական միջոցառումներին:

Համաժողովի շրջանակում երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային համագործակցության և մի շարք ուղղություններով փորձի փոխանակման համաձայնագրեր են ստորագրվել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական միջնակարգ հատուկ դպրոցի միջև:

Համանման համաձայնագրեր են ստորագրվել նաև Երևանի կամերային և Մոսկվայի «Մոստ» թատրոնների, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի և Մոսկվայի «Կենտրոնական վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համակարգ»-ի, ինչպես նաև Երևանի և Մոսկվայի Մայակովսկու անվան դպրոցների միջև:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Երևան քաղաքի պատմության թանագարանն էլ համագործակցության համաձայնագրեր են կնքել Մոսկվայի պատմության թանգարանի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում