Fitch-ը հաստատել է «B+» վարկանիշը Հայաստանի համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարկանիշի սահմանումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015 թվականների ուժեղ արտաքին շոկից հետո` պայմանավորված արտահանման կատարման, արտաքին պահանջարկի ավելի ամրապնդված պայմանների և դրամական փոխանցումների վերականգնման կառուցվածքային բարելավմամբ ու վստահելի դրամավարկային քաղաքականությանբ: Fitch-ը վերանայել է աճի կանխատեսումը մինչև 4.3 տոկոս 2017 թվականի համար, քանի որ ՀՆԱ-ի աճը առաջինից երրորդ եռամսյակներում կազմել է 5.3 տոկոս: 2018-2019 թվականների համար ակնկալվում է միջինում 3.6 տոկոս աճ` դրամական փոխանցումների և արտահանման աճի համար ստեղծված բարենպաստ միջավայրի շնորհիվ:

Հաջորդը ուժեղ հարկաբյուջետային կոնսոլիդացիան է: Հայաստանը ուժեղացրել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Դրա շնորհիվ, գործակալության սպասումների համաձայն, բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի 5.5 տոկոսի դիմաց 2017-ին կկազմի 3.3տոկոս, 2018 թվականին կկրճատվի մինչև 3 տոկոս և 2019 թվականին՝ 2.7 տոկոս։

Fitch-ի` բյուջեի դեֆիցիտի և աճի ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները համահունչ են պետական պարտքի կայունացման հետ: Կանխատեսվում է, որ 2017 թվականին պարտքը կբարձրանա ՀՆԱ-ի մինչև 57.5 տոկոս` փոքր-ինչ պակաս կանխատեսված 58.6 տոսկոս «B» միջին ցուցանիշից, 2018 թվականին կհասնի 58.1 տոկոսի և հետագայում աստիճանաբար կնվազի: Հայաստանի պետական պարտքի կառուցվածքը ունի արտոնյալ պարտքի բարձր մակարդակ (ընդհանուր պարտքի 66 տոկոսը), թեև 81 տոկոսն արտարժութային է, ինչն էլ դրսևորվում է փոխարժեքի փոփոխականությամբ:

Հայաստանն ունի միջին ընթացիկ հաշվի դեֆիցիտ, որը Fitch-ի կանխատեսմամբ կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոս 2017 թվականին և միջինը 3.4 տոկոս` 2018-2019 թվականներին: Ներքին պահանջարկով պայմանավորված ներմուծման աճը կհավասարակշռվի արտահանման մուտքերով, որոնք կամրապնդվեն կայուն ապրանքային գների, նոր շուկաների դիվերսիֆիկացման և ռուսական տնտեսության կայունացման միջոցով` խթանելով արտահանման և դրամական փոխանցումների աճը:

Վարկանիշի վերանայմանը նպաստող հիմնական գործոններն են` վստահությունը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է անկման հետագծի վրա, առկա աճը, որը նպաստում է բարձր եկամուտներ ունեցողների կոնվերգենցիային` առանց մակրոտնտեսական անհավասարակշռությունների ավելացման, և արտաքին հաշվեկշռի կայուն բարելավումը:

Կանխատեսումների կայունացման կարող են հանգեցնել միջնաժամկետում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազեցման ձախողումը, արտարժութային պահուստների անկումը և էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, եթե այն զգալի ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության կամ հանրային ֆինանսների վրա:

Այսպիսով, Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի ունենալ սոցիալական և քաղաքական կայունություն:

Ստորև ներկայացվում է ամբողջական վարկանիշային ցանկը.

  • Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է կայունից դեպի դրական,
  • Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է կայունից դեպի դրական,
  • Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,
  • Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,
  • Երկրի առաստաղը հաստատվել է «BB-» մակարդակում,
  • Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը արտարժույթով հաստատվել է «B+»մակարդակում,
  • Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B+»մակարդակում,
  • Առաջնային չապահովված կարճաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B»մակարդակում:
Հայերեն English Русский

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում