ԿԳՆ-ն և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բարեգործական ընդհանուր միությունում դեկտեմբերի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել ենհամագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել ենՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչությանանդամ Երվանդ Զորյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ին` այն մնայուն աջակցության համար, որ տրամադրվում է կրթության ոլորտին: «Հուշագրի գաղափարը շատ կարևոր է. եթե խոսում ենք, որ հայ ժողովուրդը պետք է ցանցային կապի մեջ մտնի ողջ աշխարհում, եթե արմատապես փոխվում էսփյուռքումհամայնքների կառուցվածքը և տեղաբաշխումը, ապա միակ լուծումը նման ծրագրերի իրականացումն է` երբ մարդը, չունենալով հայկական միջավայր, կարողանա մաս կազմել հայ կյանքին, հայեցի կրթությանը և հայ ժողովրդի քաղաքակրթության հիմնական տարրերին, և, խնդիրը, այսպես ասած, երազային հայրենիքի գաղափարից բերի գործնական դաշտ: Իրականում Հայկական վիրտուալ համալսարանի աշխատանքը մեզ համար փորձնական է, որովհետև այն տեխնիկական լուծումները, մեխանիզմները և ձևերը, որոնք նրանք կիրառում են, կարող ենք հեշտությամբ գործադրել հեռավար կրթության մեր ծրագրերում: Այս առումով մեր բուհերն այլևս այլընտրանք չունեն. եթե դրանք իրենց ծրագրերի մեջ չհետևեն աշխարհի առաջավոր համալսարանների փորձին, և չդնեն օնլայն ծրագրեր` իրենց գնահատմամբ, որակավորմամբ և կրեդիտներով, ապա դրանց հեռանկարը կասկածելի կլինի 21-րդ դարում: Այսօր նման ծրագիր իրականացվում է Հայկական վիրտուալ համալսարանում և Կառավարման ակադեմիայում` գերմանացի գործընկերների և ԳԱԱ-ի հետ, որտեղ կրեդիտային օնլայն համակարգ է մշակվում: Եթե կարողանանք մշակել նաև պաշտպանական մեխանիզմներ, որը հնարավորություն չտա պարզապես գրանցվելով` ստանալ վկայական, ապա կունենանք օնլայն համալսարանի համակարգ Հայաստանում, որն անհրաժեշտ պայման է` համալսարանների որակի առումով: Այս ծրագրում առկա է նաև մեծ ներառականություն. սիրիահայ մեր հայրենակիցների` հասարակությանը ներառվելու գործընթացը պետք է սկսվի կրթությունից: Այստեղ մենք ունենք արևմտահայերենի հիմնախնդիր, լուրջ հայագիտական դպրոցի կարիք` իր երկու ճյուղերով: Եվ այս բոլոր խնդիրների լուծման համար ակնկալելու ենք ՀՄԲԸ-ի և Վիրտուալ համալսարանի աջակցությունը: Բացի այդ, մենք նաև քաղաքացիական պարտավորություն ունենք՝ պաշտպանել մեր երկրում ապաստանած մարդկանց իրավունքները: Եվ եթե Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ուրեմն պարտավոր ենք մշակել հայոց լեզվի և պատմության այնպիսի տարրական սկզբունքներ, որ մարդը կարողանա ընկալել: Այս ամբողջը մեզ դնում է եվրոպական հարթության վրա, քանի որ մենք մեր պարտավորությունների շրջանակում ենք` իբրև եվրոպական ընտանիքի անդամ»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի խոսքով` ՀԲԸՄ-ի առաքելության կարևորագույն ուղղություններն են` կրթությունը, մշակույթը, սոցիալ-տնտեսական ոլորտները: «Այս ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և մարդասիրական: Մեզ համար շատ կարևոր է ինչպես սիրիահայերի, այնպես էլ բոլոր փասխտականների և մեր երկրում ապաստանած մարդկանց աջակցությունը` նրանց ավելի հեշտ ինտեգրման առումով»,-նշել է նա:
ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչությանանդամ Երվանդ Զորյանը ներկայացրել է համալսարանի գործունեությունը և հուշագրով նախատեսված ծրագրերը:
Նշենք, որ համաձայն հուշագրի`ԿԳ նախարարությունը պարտավորվում է ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց,ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների, այդ թվում՝ սփյուռքահայերիթվաքանակի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում հիմնադրամին, իրազեկման աշխատանքների իրականացում՝ դասընթացների անցկացման վերաբերյալ, նրանց համար մշակված ուսումնական ծրագրերի հաստատում և հնարավորության սահմաններում՝շահառուներիհամար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման շարունակականության ապահովում: