3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսը պաշտոնապես ներկայացվեցին դեկտեմբերի 12-ին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ի հաղորդակցման բաժնից՝ հավելելով. ««Նետոյի առասպելը» Թումոյի 15-ից 22 տարեկան երիտասարդների թիմի ստեղծածյուրօրինակ խաղն է, որն իր խաղացողներին առաջարկում է Նետո մոլորակումդարերով տեղի ունեցող կոռուպցիոն խնդիրները լուծելու ձևեր: Իրեն հանդիպող զանազան իրավիճակներում խաղացողը լուծում է խնդիրներ ու կայացնում որոշումներ՝ փորձելով խուսափել կոռուպցիայից, բացահայտել կամ դատապարտել այն: Այս ամենը օգնում է սովորել կոռուպցիայի զանազան դրսևորումների մասին և պայքարել դրանց դեմ: Խաղի ստեղծագործական երիտասարդ թիմը պատմությունը լրացրել է հետաքրքիր զարգացումներով՝ փորձելով նման կարևոր խնդրի մասին բարձրաձայնող ուսուցողական հարթակը դարձնել հետաքրքրաշարժ և գրավիչ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին միջոցառման բացման արարողությանը նշեց. «Թումոյի ուսանողների աշխատանքն ինձ տարավ նոր գալակտիկաների բացահայտումների ու հիմա ձեզ էլ հրավիրում եմ` միանալու մեր ուսումնասիրությանը: Ուսանողների գաղափարները, ստեղծագործ մտածողությունն ու ծրագրավորման հմտությունները հույսի ցուցանիշ են Հայաստանի բոլոր երիտասարդների համար»: Իսկ խաղի կոնցեպտ արտիստներից Աստղիկ Հարությունյանը ընդգծեց. «Անչափ շնորհակալ ենք Թումոյին ևԵվրոպական միությանը, որովետև նրանք մեզ հնարավորություն տվեցին ոչ միայնայսպիսի մեծամասշտաբ նախագծի մեջ կիրառել Թումոյում ստացած մեր գիտելիքները, այլև ստեղծելու մի գաղափար, որը կարող է հենց մեր սերնդին՝ երիտասարդությանը ցույց տալ ճանապարհ, որով քայլելով մենք կարող ենքհասնել կոռուպցիայից զուրկ հասարակության»:
Թումո-ԵՄ խաղը դեռ դրա մեկնարկից առաջ հասցրել է արժանանալ մի շարք միջազգային և տեղական մրցանակների: 2017-ին այն արժանացել է լավագույն ստեղծարար նորարարություն մրցանակին` Եվրոպայի ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում՝ Գերմանիայի Էսսեն քաղաքում, իսկ օրեր առաջ խաղի ստեղծագործական թիմը ճանաչվեց «Տարվա երիտասարդություն»՝ Իրավաբանների հայկական ասոցացիայի ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում: Թիմը նաև պատվով ներկայացրել է Հայաստանը Իտալիայի Լուկա քաղաքի կոմիքսների և խաղերի փառատոնում»: