Տոլմայի պատրաստման և տարածման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու որոշումը չի ենթադրում պատկանելություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տոլմայի պատրաստման և տարածման ավանդույթը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու որոշումը չի ենթադրում սեփականության իրավունք, պատկանելություն: Տվյալ ցանկում գրանցվում են տարրի հետ կապված մշակութային դրսևորումները, ավանդույթները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտը չունի գիտական հիմնավորում: Ցանկում տոլմայի պատրաստման ավանդույթը Ադրբեջանի հայտի հիման վրա ներառելն ամենայն հավանականությամբ խավիարային քաղաքականության արդյունք է:

«Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի ներկայացրած հայտը, այն կազմված էր ոչ գրագետ և չհիմնավորված: Հայտում ներառված են տեղանուններ, որոնք Ադրբեջանի հետ կապ չունեն, ակնհայտ է, որ փորձ է արվում յուրացնել այլ երկրների մշակույթը: Ինչ վերաբերում է տոլմային, ապա դեռ պատմական գիտությունների թեկնածու Վ. Վ. Պոխլեբկինը, ով լինելով խոհանոցի հմուտ մասնագետ և բնութագրելով Խորհրդային Միության տարբեր հանրապետությունների ազգային խոհանոցները, նշել է, որ ադրբեջանական խոհանոցում կան կերակուրներ, որոնք փոխառված են հայկական խոհանոցից, այդ թվում՝ տոլման, և որ դրանք «մտել են ժամանակակից ադրբեջանցու առօրյա կերակրացանկ»»,-ասաց Սվետլանա Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում այսօր էլ կենսունակ են ավանդական շատ կերակուրներ պատրաստելու ժողովրդական գիտելիքները և հմտությունները: Հայաստանի բոլոր շրջաններում յուրաքանչյուր տանտիկին, առանց հատուկ դասընթացների և ծրագրերի, կենցաղում և տոներին պատրաստում է ավանդական տոլմայի տարբեր տեսակներ, այսինքն՝ մշակույթը կրողը, սերնդեսերունդ փոխանցելով ավանդույթները, դրանք շարունակում է նաև 21-րդ դարում: Տոլման՝ որպես տարածված և սիրված կերակրատեսակ, մատուցվում է նաև հայկական խոհանոցը ներկայացնող ռեստորաններում: Հայաստանում անցկացվում է Տոլմայի ամենամյա փառատոն, որտեղ տարբեր անհատներ և կազմակերպություններ ներկայացնում են տոլմայի ավանդական օրինակներ:

«Մենք այստեղ լուրջ մտածելու տեղ ունենք: Կարծում եմ, որ թուլանում ենք այս ասպարեզում: Մշակութային ճակատում անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել: Իրականում տոլմա կերակրատեսակի հնագույն տարբերակը խաղողի տերևով փաթաթված օրինակն է: Ըստ Հր. Աճառյանն ունի ստուգաբանություն, ըստ որի՝ տոլի բառը նշանակել է խաղողի որթ, այստեղից էլ՝ տոլմա կերակրատեսակի անվանումը՝ որպես ծեծած մսով կամ հացահատիկով և համեմունքով խճողակը խաղողի տերևով փաթաթած կերակուր»,-ասաց ազգագրագետը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում Ադրբեջանի հայտով ներառվել է «Տոլմա» ճաշատեսակի պատրաստման ու տարածման ավանդույթը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ