Հասարակական

Հակաբիոտիկները դեղատներից փետրվարից բաց կթողնվեն միայն դեղատոմսերով

3 րոպեի ընթերցում

Հակաբիոտիկները դեղատներից փետրվարից բաց կթողնվեն միայն դեղատոմսերով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվար ամսից 3632 անուն դեղ, որոնց թվում են նաև հակաբիոտիկները, բաց կթողնվեն միայն դեղատոմսերով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյաննասաց, որ դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգն արդեն իսկ հաստատվել է եւ ուժի մեջ կմտնի երեք ամիս անց: «Վերահսկողական մարմինն արդեն ձեւավորման փուլում է: Այն կիրականացնի պատշաճ վերահսկողություն, եւ ինքնաբուժումը կբացառվի»,-նշեց նա:

Գյուրջյանի խոսքով` նոյեմբերի 13-ից մեկնարկած հակաբիոտիկների պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման աշխատանքներ կիրականացվեն ոչ միայն հանրության, այլեւ բուժաշխատողների լայն շրջանում: «2015 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է հակաբիոտիկների պատշաճ օգտագործման իրազեկմանն ուղղված շաբաթ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել հակաբիոտիկների հետ կապված չարաշահումների եւ ոչ նպատակային կիրառման պատճառած վնասները: «Դրանց ոչ նպատակային կիրառումը հանգեցնում է հակաբիոտիկական կայունության զարգացման: Հակաբիոտիկը պետք է պահել որպես ռեզերվ: Այն շատ կարեւոր եւ անհրաժեշտ դեր է կատարում նաեւ մի շարք վարակիչ հիվանդությունների պայքարի հարցում»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում այս տարի կանցկացվեն համապատասխան միջոցառումներ` ուղղված դեղակայուն մանրէների վարակից խուսափելուն: «Միջոցառումներ են տարվում նաեւ անասնապահության ոլորտում հակաբիոտիկների ճիշտ եւ նպատակային օգտագործման ուղղությամբ, քանի որ դրանք անասնապահության մեջ կիրառվում են ոչ միայն բուժման, այլեւ աճը խթանելու համար»,-ասաց նա:

Քրիստինե Գյուրջյանը հորդորեց հակաբիոտիկ օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ, ճիշտ ժամանակին, ճիշտ դեղաչափով եւ այնքան օր, որքան բժիշկն է նշանակել: «Չի կարելի կիսատ թողնել բուժումն ու առանց բժշկի հետ խորհրդատվության դադարեցնել հակաբիոտիկի կիրառումը: Չի կարելի նաեւ ինքնաբուժմամբ զբաղվել»,-ասաց Գյուրջյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում