Մշակույթ

Սանահին վանական համալիրի հին ծածկասալերը փոխարինվել են նորերով

4 րոպեի ընթերցում

Սանահին վանական համալիրի հին ծածկասալերը փոխարինվել են նորերով

ԵՐԵՎԱՆ,13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լոռու մարզի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկի՝ 10-րդ դարում կառուցված Սանահինի վերականգնման գործընթացը շարունակվում է: Աշխատանքները մեկնարկել են 2017-ի սեպտեմբերից: Ճարտարապետն ու շինարարները հույս ունեն այս տարվա ծրագրով սահմանված նախագիծն ավարտին հասցնել մինչ տարեվերջ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արև Սամուելյանը լրագրողների հետ նոյեմբերի 11-ին շրջեցին համալիրում՝ տեղում հետևելով կատարվող աշխատանքներին:

«Այս տարվա ծավալներով նախատեսվել է հեռացնել շինության արևելյան հատվածի կենտրոնական ճակտոնի լանջերի հին ծածկասալերը և դրանք փոխարինել նորերով:

Հին ծածկասալերի մեջ եղել են արժեքավոր նախշազարդեր, որոնց պիտանի մասը օգտագործվել է վերականգնման գործընթավում: Քանդվել, հեռացվել են լանջերի հին ծածկասալերը: Դրանց մի մասն արդեն նորով է պատված, բայց զգալի հատվածում դեռ աշխատանքներ պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախագծի հեղինակային հսկիչ, ճարտարապետ Հրանտ Հովսեփյանը:

Նա շեշտեց, որ վանական համալիրում ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 120 մլն դրամի շինարարական աշխատանքներ:

«Խարխլված հատվածները քանդվել, վերաշարվել են: Այժմ անցել ենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնմանը: Այնտեղ նույնպես ծածկասալ փոխելու խնդիր կա»,- ասաց ճարտարապետը և հավելեց, որ ինքը գոհ է օգտագործվող նյութերի որակից և հույս ունի, որ մինչ սահմանված ժամկետը՝ 2017-ի դեկտեմբերի 15-ը, այս տարի նախատեսված ծրագրով շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն:

«Արհովշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանն ասաց, որ աշխատանքի վաթսուն տոկոսը կատարվել է, և լավ եղանակի դեպքում տասը օրից իրենք կավարտեն ամրակայման և վերականգնման գործը:

Սանահինի կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ շինության ծածկասալերի արանքում ճյուղեր են աճում, որոնք կարող են ծառեր դառնալ: Պատճառը Լոռվա մարզի խոնավ կլիմայական պայմաններն են:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքով՝ հուշարձանը պահպանելու պարտավորությունները դրված են նաև հուշարձանն օգտագործողի և տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Հետևաբար օգտագործողները պետք է ժամանակ առ ժամանակ ծածկասալերը մաքրեն խոտերից, ճյուղերից, որպեսզի դրանք՝ մեծանալով ու շատանալով, չվնասեն կառույցը:

Անդրադառնալով Սանահինի տարածքում իրականացված ապօրինի թաղումներին՝ Սամուելյանը նշեց, որ գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում:

Սանահինի միջնադարյան վանական համալիրըգտնվում է Լոռու մարզում՝ համանուն գյուղում, ներկայումս Ալավերդի քաղաքի շրջագծում։ Հնում Մեծ Հայքի Գուգարքաշխարհի (նահանգի)Տաշիր գավառի մաս է կազմել։1996 թվականինՄԱԿ ԳՄԿ-ն այն ճանաչել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։

Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թվականին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը: X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել է բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։ XII դ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Համալիրի կազմում են Սուրբ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սուրբ Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում