ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում պատասխանելով գիտնական-վերլուծաբաններից մեկի հարցին, թե ինչ խորհուրդ կտար և ինչպիսի ուղենիշներ կմատնանշեր հետազոտություններ իրականացնողների համար՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ որոշում կայացնելիս ամենակարևոր հանգամանքը իրավիճակին ճիշտ գնահատական տալն է: Նախագահն այդ հանգամանքը կարևորել է ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ու ցանկացած մակարդակի որոշում կայացնողների համար:
«Պետք է իրավիճակը պատկերացնել, որպեսզի ճիշտ որոշում կայացվի: Այստեղ՝ համալսարանում, և ընդհանրապես, մեր գիտնականների և վերլուծաբանների խնդիրը պետք է լինի ճիշտ արտացոլել իրավիճակը, հստակ տեսնել և կանխատեսել զարգացումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանի կարծիքով՝ բոլոր վերլուծաբանների առաջին խնդիրը պետք է լինի ավելի նեղ մասնագիտացում ունենալը, հարցին լավագույնս տիրապետելը:
«Ես կնախընտրեի, որ ունենայինք, ենթադրենք, տասը վերլուծաբան, որոնցից յուրաքանչյուրը մի նեղ ուղղության է տիրապետում, որպեսզի կայացվող որոշումները բխեն իրականությունից»,- շեշտել է ՀՀ Նախագահը: