Հասարակական

«Արմենպրես»-ը և IRNA-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը և IRNA-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ - IRNA: Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունները տեղեկատվության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը ստորագրել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և իրանական IRNA ազգային լրատվական գործակալության տնօրեն Մոհամմադ Խոդադին:

Իրանական ազգային լրատվական գործակալության տնօրենն ընդգծել է, որ «Արմենպրես»-ը և IRNA-ն հնարավորություն կունենան փոխանակել հավաստի տեղեկատվություն՝ երկխոսության յուրատեսակ կամուրջ հանդիսանալով երկու երկրների միջև:

Նա նշել է, որ երկու երկրները չեն օգտագործում տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում համագործակցության ողջ ներուժը, ինչում իրենց մեղքի բաժինն ունեն նաև զանգվածային լրատվության միջոցները, քանի որ նրանք պետք է իշխանություններին և մարդկանց հասցնեն անհրաժեշտ տեղեկատվությունը և շփման ու որոշումների կայացման համար հարթակ ապահովեն: «Մենք կարող ենք աշխատել ոչ միայն տեղեկատվության և լուսանկարների փոխանակման, այլ տեղեկատվության փոխանակման համատեղ գործողությունների պլանավորման ուղղությամբ, ինչը կարող է նպաստել երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը»,- ասել է Խոդադին:

Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունների ղեկավարները նաև պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ցուցահանդեսի անցկացման վերաբերյալ, քննարկել են տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի ոլորտներում և սոցիալական ցանցերում համագործակցության հետ կապված հարցեր:

Մոհհամադ Խոդադին և Արամ Անանյանը ընդգծել են համաշխարհային մեդիա ասոցացիաներում «Արմենպրես»-ի և IRNA-ի համագործակցության անհրաժեշտությունը: IRNA-ի տնօրենը հայտնել է, որ գործակալությունը պատրաստվում է հայ լրագրողների համար ուսումնական կուրսեր անցկացնել՝ իրանցի պրոֆեսորների Հայաստան ուղարկելու միջոցով:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը նաև հարցազրույց է տվել IRNA գործակալությանը՝ անդրադառնալով Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունների միջև համագործակցության հեռանկարներին: «Ես կարծում եմ, որ մենք ականատես ենք լինում երկու լրատվական գործակալությունների միջև պատմական տրանսֆորմացիայի: Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունները համագործակցության ամուր պլան ունեն, համագործակցության բարձր մակարդակի օրակարգ, որն ընդգրկում է տեղեկատվության բոլոր ոլորտները. ոլորտներ, որոնք կան այսօր և ոլորտներ, որոնք կլինեն ապագայում: Համագործակցությունը ենթադրում է նորությունների, լուսանկարների, տեսանյութերի, տեսակամուրջների փոխանակում, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցեր, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում»,- ասել է Անանյանը:

IRNA լրատվական գործակալության խմբագրություն այցից և գործակալության տնօրեն Մոհամմադ Խոդադիի հետ հանդիպումից հետո «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն այցելել է Իրանի Մշակույթի և տպագրության ինստիտուտ: Իրան կատարած այցի ընթացքում Արամ Անանյանը կայցելի նաև երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաք՝ Սպահան, կծանոթանա քաղաքի պատմական հուշարձաններին:

Լուսանկարները` IRNA գործակալության

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում