Իրավունք

Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական համագործակցությունը խորացնելու հարցեր

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական  համագործակցությունը խորացնելու հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարարՏեա Ծուլուկիանիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը:

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է վրաց-հայկական ֆորումի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:

Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին իրավական ֆորումի շարունակականությանը նպաստելու համար և համոզմունքով նշել, որ համագործակցության այս ձևաչափը ևս կլինի արդյունավետ:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարները քննարկել են դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, դրանց արդյունքում արդեն իսկ ընդունված և ներկայում մշակման փուլում գտնվող իրավական ակտերին, ինչպես նաև քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին նախարար Հարությունյանն այցելել է Հանրային ծառայությունների մատուցման կենտրոն, որտեղ նորագոււյն տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին մատուցվում են 150-ը գերազանցող պետական ծառայություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում