Սփյուռք

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը կնպաստի սփյուռքում հայկական կառույցների զարգացմանը

3 րոպեի ընթերցում

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը կնպաստի սփյուռքում հայկական կառույցների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը կնպաստի սփյուռքում հայկական կառույցների զարգացմանը և հայապահպանության ավելի գործուն աշխատանքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

«Մրցանակաբաշխության նպատակը հենց իր անվանման մեջ է: Այն արդեն ունի պատմություն՝ իրականացվում է 2010 թվականից: 7 տարիներին մասնակիցների թիվը և աշխարհագրությունը բավական ընդլայնվել է: Մասնակիցներ ունենք գրեթե բոլոր մայրցամաքներից: Ամեն տարի սահմանվում են պայմաններ և նոր անվանակարգեր: Այս տարի սահմանել ենք 4 անվանակարգ»,-ասաց Գյանջումյանը:

Անվանակարգերն են. «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Լավագույն երիտասարդական/ ուսանողական կազմակերպություն», «Ազատ Արցախ Մայիս՝ հաղթանակների ամիս» մանկապատանեական ստեղծագործությունների մրցույթ: Կարող է դիմել անվանակարգերի պահանջներին համապատասխանող սփյուռքի ցանկացած կառույց, անհատ: Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կամ իրենց կառույցի պատմության, հաջողությունների մասին: Արդյունքներն ամփոփվում են դեկտեմբերին, տրվում են հավաստագրեր, դիպլոմներ կամ դրամական խրախուսանք: «Ամփոփվում են նաև մասնակից անհատների, կառույցների փորձը, առաջարկությունները, որոնք մենք փորձում ենք տարածել նաև մնացած սուբյեկտների վրա»,-նշեց Գյանջումյանը:

Մրցանակաբաշխությունը ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է Ռուսաստանի հայերի միության, ինչպես նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ: Տարվա սկզբից տարածաշրջանային վարչությունների, բոլոր կառույցների միջոցով տեղեկացվում է մրցանակաբաշխության մասին, և հիշեցվում են անվանակարգերը: «Ուզում ենք մեկ անգամ ևս համայնքներին տեղեկացնել ու հորդորել՝ ակտիվորեն մասնակցել»,-ասաց Գյանջումյանն ու հավելեց՝ հայտերն ընդունվում են մինչ նոյեմբերի 30-ը:

Նախորդ տարի մրցույթին ներկայացվել են 192 հայտ: Մասնակցել են ավելի քան 700 մարդ: Նախորդ տարվա անվանակարգերն եղել են. «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» սփյուռքի լրատվամիջոցների և «Սիրում եմ քեզ, իմ հայրենիք» մանկապատանեկան ստեղծագործությունների մրցույթներ: 2010-2016-ին մրցանակաբաշխությանը մասնակցել են ավելի քան 700 մասնակից՝ աշխարհի 48 երկրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում