Հրանուշ Հակոբյանը սփյուռքում հայկական մշակույթի ու լեզվի պահպանման մոտեցումները փոխելու անհրաժեշտություն է տեսնում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայապահպանությունը սփյուռքի մեծագույն խնդիրն է համարում։ Նախարարը նշում է, որ սփյուռքում արդեն 4-րդ, 5-րդ սերունդն է ծնվում և ապրում օտար միջավայրում, օտար պայմաններում, առնչվում այլ մշակույթի և մոտեցումների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս պայմաններում հայերենը կամա թե ակամա «կուչ է գալիս», ավելի շատ դառնում է ընտանեկան լեզու, դրա օգտագործման տարածքը շատ նեղանում է: «Դրա համար մենք պետք է կարողանանք սփյուռքում աճող սերնդի, երիտասարդության մեջ հայոց լեզվի նկատմամբ սեր և ակնածանք ձևավորել, իսկ մեր սփյուռքի դպրոցները գնալով որակազրկվում են, քանի որ հայկական դպրոցը մրցունակ չէ անգլիական, ֆրանսիական, գերմանական դպրոցների կողքին: Բնականաբար, ծնողները նախընտրում են, որպեսզի իրենց երեխան օտար դպրոցում ավելի որակյալ կրթություն ստանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ այստեղ հիմնական բեռն ընկնում է սփյուռքի կառույցների, համահայկական կազմակերպությունների, նաև եկեղեցու վրա՝ ինչպես տեղում կազմակերպել, որ հայկական դպրոցները սփյուռքում ծաղկեն և ավելանան: «Իսկ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ուսուցիչների վերապատրաստել, դասագրքերով ապահովել, ինչը մենք շատ հետևողականորեն անում ենք: Միայն այս տարի մենք արդեն 80 հազար կտոր գիրք ենք ուղարկել սփյուռքի 300-ից ավելի դպրոցներ, կառույցներ, կազմակերպություններ: Ես հիմա հպարտանում եմ, որ Վալենսիայում հայկական կառույցները միավորվել են, ձեռք ձեռքի են տվել և ամենօրյա հայկական դպրոց են բացում: Ես ինչպես չհպարտանամ և չխոնարհվեմ հայ կրթական-մշակութային միության ղեկավարության առջև, ովքեր Մարսելում մեր համազգային դպրոցն են պահում, իսկ այդ դպրոցը Ֆրանսիայի 5 հազար դպրոցների մեջ առաջին հարյուրյակում է: Այսինքն, եթե կա ցանկություն և նպատակադրում, պատասխանատվություն և հետևողականություն, ապա մենք կարող ենք նաև միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցներ պահել և զարգացնել: Իսկ այն համայնքները, որոնք թույլ են, կազմակերպված չեն, պատասխանատու չեն, միասնական չեն, այդ վայրերում դպրոցներ են փակվում կամ որակապես ավելի զիջում են»,- ընդգծեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սփյուռքում ավելի քան 1000 հայկական դպրոց կա, որոնցից 650-ը մեկօրյա կամ երկօրյա են՝ գործում են միայն շաբաթ և կիրակի օրերին: «Տեսեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվում: Օտար ափերում ապրող հայ երեխան տեսնում է, որ իր օտարազգի ընկերը շաբաթ և կիրակի օրերին գնում է հանգստանալու, ման գալու, իսկ իրենց ծնողը ձեռքից բռնած տանում է հայկական դպրոց, ինչն իրեն այդքան էլ հաճելի չէ: Մենք պետք է փոխենք մոտեցումը: Մենք պետք է կարողանանք 5 օրվա ընթացքում այն դպրոցներում, որտեղ շատ հայ երեխաներ են սովորում, անցկացնել հայոց լեզվի ֆակուլտատիվ կամ պարտադիր դասավանդում: Այդ նույն դպրոցներում մեր հայ ուսուցչուհիներին ուղարկենք, որպեսզի դասերից հետո թեկուզ մեկ ժամ հայերեն պարապեն, որպեսզի երեխաները չզրկեն հանգստից»,- մանրամասնեց Հակոբյանը:

Նախարարը ողջունում է «Արմաթ» խմբակի նախաձեռնությունը, որը ստեղծել է ինժեներական ռոբոտաշինություն, ինչի շնորհիվ բարձր տեխնոլոգիաների միջոցով կարողանում են երեխաներին ստիպել հաճախել իրենց լաբորատորիաներ, որտեղ ամեն ինչ հայերեն լեզվով է: «Այսինքն, որպեսզի երեխան կարողանա աշխատեցնել ռոբոտը կամ համակարգիչը, նա անպայման պետք է հայերեն իմանա, որպեսզի կարողանա համապատասխան ստեղնը նշել, համապատասխան հրամանը տալ: Այս պարագայում հայերենը երեխայի համար հետաքրքիր է դառնում: Երեխան ձգտում է սովորել հայերեն, որպեսզի կարողանա այդ հրաշալի լաբորատորիաներում իրեն դրսևորել: Հետևաբար, այստեղ անելիք ունեն նաև մեր բարձր տեխնոլոգիաների մասնագետները; Մենք պետք է կարողանանք նաև բարձր տեխնոլոգիաները ծառայեցնել հայկական մշակույթի, լեզվի պահպանությանը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը՝ մատնանշելով նաև ՀԲԸՄ վիրտուալ քոլեջը, որտեղ ծով գիտելիքներ կան հայապահպանության, հայկական մշակույթի, հայերենի և այլնի մասին:

Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ շատ կարևոր նախաձեռնություն կլինի էլեկտրոնային դպրոցի ստեղծումը, որպեսզի ցանկացած հայ՝ անկախ տարիքից, հնարավորություն ունենա սեղմել ստեղնը և ստանալ գիտելիք հայերենով:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ