Հասարակական

Տարեցներին աշխատաշուկայում առավել երկար պահելու հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է 

2 րոպեի ընթերցում

Տարեցներին աշխատաշուկայում առավել երկար պահելու հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորանքով: «Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, մաղթում եմ, որ մեր տարեցները լինեն առողջ և ապրեն արժանապատիվ կյանքով, շրջապատված ընտանիքներով ու հարազատներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ասատրյանը:

Նախարարի խոսքով, ՀՀ բնակչության 11 տոկոսը տարեցներն են, և պետությունը սոցիալական քաղաքականություն է վարում տարեցների ներուժի օգտագործման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Վերջինս ընդգծեց, որ վարչապետի վերջին հանձնարարականի համաձայն՝ նախարարությունը քայլեր է մշակում տարեցներին ավելի երկար ժամանակահատվածում աշխատաշուկայում ներգրավված պահելու ուղղությամբ:

«Տարեցներին հասարակությանն ինտեգրելու հարցում երկու խնդիր է առաջանում, մեկը՝ ինչպես աշխատաշուկայում առավել երկար պահել տարեցներին և միևնույն ժամանակ ինչպես լուծել երիտասարդների գործազրկության հարցը: Եվրոպական բազմաթիվ երկրներ առարկայական լուծումներ են տվել այս խնդիրները՝ օգտագործելով եռակողմ մոդելը՝ կառավարություն-գործատուներ-արհիմություններ: Իրականացվում է մոնիթորինգ, և հստակեցվում են այն աշխատատեղերը, որոնք կարող են տարեցներով հագենալ», - ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ ծերերին հնարավորինս պատշաճ ծառայություններ մատուցելու և աշխատաշուկայում նրանց առավել երկար պահելու հարցերը գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում