Ինովացիա

ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները մշակել են բնակարանի անվտանգության «Խելացի տուն» համակարգը

2 րոպեի ընթերցում

ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները մշակել են բնակարանի անվտանգության «Խելացի տուն» համակարգը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը մշակել է «Խելացի տուն» նախագիծը, որով հնարավոր կլինի ապահովել բնակարանի անվտանգությունը, կառավարել լույսերը, վարագույրները: Ինստիտուտի ներկայացուցիչները իրենց ստեղծած նորարարությունը ներկայացնում են «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Ազատ Սմբատյանը նշեց, որ իրենք մշակել են բնակարանի անվտանգության համակարգ, որն ավելի մատչելի է շուկայում առկա մյուս համակարգերից և ավելի արդյունավետ: «Մենք առաջարկում ենք սարքավորում, որը բնակարան մտնելուց առաջ ֆիքսում և ճանաչում է բնակարան մուտք գործողի դեմքը: Եթե ներս մտնողը բնակարանի տերերը չեն, աշխատում է ազդանշանային համակարգը: Այսինքն, մեր ծառայություններից օգտվելու դեպքում բնակարան ազատ մուտք կունենան միայն բնակարանում ապրողները, որոնց դեմքերը կճանաչի համակարգը»,- ասաց Սմբատյանը:

Նա նշեց, որ իրենց արտադրանքը, ի տարբերություն շուկայում առկա այլ արտադրանքների, մի քանի անգամ ավելի մատչելի է: «Եթե ուրիշները նման համակարգեր առաջարկում են 5 հազար դոլարով, մեր ծառայությունները մենք առաջարկում ենք 500-1000 դոլարի սահմաններում` կախված նրանից, թե որքան է բնակարանի տարածքը, ինչ հեռավորության վրա են տեղադրվելու սարքավորումները, և որքան սարքավորումների անհրաժեշտություն կլինի: Բացի այդ, մեր համակարգն ավելի անվտանգ է, և այն կառավարելն ավելի հեշտ»,- ընդգծեց նա:

Համակարգը կարելի է կառավարել նաև բջջային հեռախոսի միջոցով` ներբեռնելով համապատասխան ծրագիրը: «Մարդիկ հնարավորություն կունենան այդ ծրագրով կառավարել իրենց բնակարանի լույսերը, միացնել ազդանշանը, կառավարել վարագույրները և այլն»,- մանրամասնեց Ազատ Սմբատյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում