Քաղաքականություն

Բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքները պետք է հետաքննվեն. Ալան Դանքընը՝ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի մասին

2 րոպեի ընթերցում

  Բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքները պետք է հետաքննվեն. Ալան Դանքընը՝ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներին: Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ընթացքում, պատասխանելով Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, Դանքընն ընդգծեց, որ եթե այդ կոռուպցիոն սկանդալների գործով բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքներ կան, դրանք պետք է հետաքննվեն: «Կարծում եմ, որ նախարարի և խորհրդարանականի գործունեության միջև տարբերություն կա: Մենք չպետք է նրանց ասենք, թե ինչպես վարվեն: Որպես նախարարներ՝ մենք պետք է հեռավորություն պահպանենք պատգամավորների գործունեությունից: Բայց ես մտածում եմ այնպես, ինչպես դուք: Եթե կան մեղադրանքներ բրիտանացի պատգամավորների նկատմամբ, դրանք պետք է հետաքննվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե կոռուպցիոն սկանդալի գործում շոշափվել են նաև բրիտանացի պատգամավորների անուններ՝ Ալան Դանքընն ընդգծեց, որ ինքը բրիտանացի պատգամավորների անուններ այդ գործում չի տեսել: Նա նշեց, որ այդ գործը բացահայտելու համար հետաքննություն են իրականացրել բրիտանական այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են The Guardian-ը և BBC-ն: «Վերջին 40 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը պարբերաբար գրոհների է ենթարկվել The Guardian-ի կողմից: Դրա համար այն երբեք մեր սիրած պարբերականը չի եղել, սակայն նրանք միշտ լուրջ հետաքննություններ են իրականացրել թե միջազգային, թե ներքին հարցերով»,- ասաց նա:

Դանքընի պատասխանին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով նախագահում էր միջոցառումը. «Մենք կշարունակենք մեր հետաքննությունը Guardian-ի հետ, թե առանց նրա»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում