Սփյուռք

Գարո Փայլանը ցանկանում է, որ ժողովրդի համար ցանկալի թեկնածուն ընտրվի Պոլսո Հայոց պատրիարք

2 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը ցանկանում է, որ ժողովրդի համար ցանկալի թեկնածուն ընտրվի Պոլսո Հայոց պատրիարք

ԵՐԵՎԱՆ, 22ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հավատում է, որ Պոլսո պատրիարքարանի ընտրությունները կկայանան այս տարի՝ չնայած Թուրքիայի իշխանությունների ստեղծած խոչընդոտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց իր այցի շրջանակում կազմակերպված ասուլիսի ընթացքում: «Թուրքիան ցանկանում է, որ իր ուզած մարդը լինի Պոլսո պատրիարքի աթոռին: Նրանք ասում են` ում ցանկանանք, նա պետք է պատրիարք լինի: Նման խնդիր կա: Ունենք հիմա 5 թեկնածու: Անշուշտ, մենք էլ ենք ուզում, որ ընտրվի մեր ժողովրդի համար ցանկալի թեկնածուն»,- նշեց նա:

Գարո Փայլանը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին: Այս օրերին Թուրքիայի հայազգի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը 2017 թվականի հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով: Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մարտի 15-ին: Աթեշյանի հրաժարականից հետո ձևավորվել է Նախաձեռնող խումբ, որը զբաղվում է պատրիարքական ընտրության կազմակերպման հարցով: Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու համար պաշտոնապես դիմել են Թուրքիայի իշխանություններին, սակայն մինչ օրս երկրի պատկան մարմինները որևէ պատասխան չեն տվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում