Մշակույթ

Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Համահայկական նվագախումբը ելույթ է ունեցել «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը

4 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Համահայկական նվագախումբը ելույթ է ունեցել «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել դասական երաժշտության ամենահայտնի և հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխության ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական սիմֆոնիկ նվագախմբից՝ հավելելով. «Մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն անցկացվեց Լոնդոնում՝ Նորթամբերլենդ պողոտայի շլացնող հանդիսավայրում: Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախումբը կատարեց Խաչատրյանի, Շոստակովիչի, Շորի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների գործերից: Նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ելույթներն ընդունվում էին մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ:

Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախմբին միացան նաև դասական երաժշտության ամենահայտնի անունները՝ «Գրամոֆոնի» ներկա և նախկին մրցանակակիրները՝ շնորհավորելով այս խոշորամասշտաբ իրադարձության հոբելյանը։ Ի դեպ, նշենք, որ նախորդ տարիներին «Գրամոֆոնի» հանձնման հանդիսավոր երեկոները ղեկավարել են այնպիսի հայտնի դիրիժորներ, ինչպիսիք են սըր Քոլին Դևիսը, սըր Անտոնիո Պապանոն և այլք։ Այս տարի այդ պատիվը վերապահված էր մաեստրո Սերգեյ Սմբատյանին, ով Լոնդոնում ուսանել է հենց սըր Քոլին Դևիսի մոտ։

Երկրորդ տարին անընդմեջ արարողությունն ուղիղ հեռարձակվեց medici.tv-ով. այդպիսով ամբողջ աշխարհի դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեին դիտելու բոլոր կատարումները և մրցանակակիրների ելույթները:

Ավելի վաղ «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշել էր, որ ուրախ են, որ իրենց միանալու է Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որը բաղկացած է աշխարհի լավագույն նվագախմբերի հայ երաժիշտներից։ Արարողության ընթացքում Ջոլին հատուկ շնորհակալություն հայտնեց Սերգեյ Սմբատյանին ու Համահայկական նվագախմբին՝ բրիտանացի կոմպոզիտոր Գուստավ Հոլստի ստեղծագործությունը նույնպես կատարելու համար:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Համահայկական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը medici.tv-ի ուղիղ եթերում հեռարձակված հարցազրույցում տեղեկացրեց, որ Համահայկական նվագախումբն այս տարի ապրիլի 24-ին համերգ է ունեցել Երևանում՝ հանդես գալով մի քանի այլ դիրիժորների ղեկավարությամբ:

«Մենք շատ ուրախ ենք: Մեզ համար մեծ պատիվ էր այստեղ գտնվել: Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության հիասքանչ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք նրանց բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,- նշեց Սերգեյ Սմբատյանը: Մաեստրո Սմբատյանը տեղեկացրեց, որ Համահայկական նվագախմբի երաժիշտները հանդես են գալիս աշխարհի առաջատար նվագախմբերում. նրանք ծնվել ու մեծացել են Հայաստանում, սովորել են միևնույն կոնսերվատորիայում, այսինքն՝ միևնույն ավանդույթների կրող են: Եվ նման նախագծերը հիասքանչ հնարավորություն են՝ ցույց տալու, որ մենք՝ հայերս, կարող ենք միասնական լինել: Մաեստրո Սմբատյանը նաև հույս հայտնեց, որ նվագախումբն ավելի հաճախակի ելույթներ կունենա:

Նշենք, որ «Գրամոֆոնը» դասական երաժշտության ամենանշանակալի մրցանակաբաշխությունն է, ինչպես «Օսկար»-ը՝ կինոարվեստի, Նոբելյանը՝ գիտության, Բուքերյան մրցանակը՝ գրականության բնագավառներում։ «Գրամոֆոն» ամենամյա մրցանակը տրվում է դասական երաժշտության ասպարեզում տարվա լավագույններին: Ի դեպ, 2017-ը «Գրամոֆոնի» համար հոբելյանական էր. նշվում էր վերջինիս 40-ամյակը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում