Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը մտել է փակուղի. համայնքն իշխանություններից պատասխան է ակնկալում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրվելուց հետո կարծես նոր թափ ստացած պատրիարքական ընտրության գործընթացը կրկին հայտնվել է փակուղում: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել ընտրությունների անցկացման վերաբերյալ պատրիարքարանի կողմից ուղարկված պաշտոնական գրությանը: Այս խնդիրների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

«Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշվում էր «Հաղթանակի օրը»: Սա երկրում պետական տոն է համարվում և ամեն տարի այդ օրվա ընդունելությանը հրավիրվում են նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այս տարի մեր պատրիարքարանին հրավեր չէր եկել: Ընդունելությանը ներկա էին հույների, ասորիների, հրեաների ներկայացուցիչները, սակայն Հայոց պատրիարքարանից մասնակից չկար»,- պատմեց Էստուկյանը: Նա ընդգծեց, որ այս փաստը համայնքային որոշ շրջանակներ սկսել են մեկնաբանել, որպես պատրիարքի տեղապահի նկատմամբ ժխտողական դիրքորոշման դրսևորում, իբրև մի քայլ, որով իշխանությունները հայտարարել են, թե չեն ճանաչում տեղապահին, թեպետ Թուրքիայի իշխանությունների կողմից հստակ ժխտողական պաշտոնական պատասխան չի եղել:

«Կան որոշ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե սերտ կապի մեջ են պետության հետ, թե պետությունն այսպես կամ այնպես է ասել: Այդ մարդկանց շարքը գլխավորում է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ով բացահայտ համակրանք ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ և ամեն առիթով արտահայտում է այդ համակրանքը: Ավելին, նա հայտարարում է, թե պետությունը սեփական դիրքորոշումը համայնքին է փոխանցում իր միջոցով: Դժվար է ասել, թե որքանով ընդունելի երևույթ է սա: Մենք պաշտոնական դիմում ենք ներկայացրել Թուրքիայի իշխանություններ և ակնկալում ենք պաշտոնական պատասխան՝ լինի դա դրական կամ ժխտական: Այդուհանդերձ, այդ պատասխանը մինչ օրս չենք ստացել»,- ընդգծեց Էստուկյանը:

Նա հայտնեց, որ պատրիարքական տեղապահ Բեքչյանը և ընտրությունների Նախաձեռնող խումբը կսպասեն մինչև հոկտեմբերի առաջին շաբաթը. եթե մինչ այդ էլ պատասխան չլինի, կդիմեն նահանգապետարան՝ դեմ առ դեմ խոսելու խնդրի մասին: «Մեր գլխավոր զրուցակիցը ներքին գործերի նախարարությունն է, բայց նախարարությանը խնդրանքները փոխանցվում են Ստամբուլի նահանգապետարանի միջոցով»,- հավելեց «Ակոս»-ի խմբագիրը:

Էստուկյանը նշեց, որ ստեղծված իրադրության պայմաններում որոշ շրջանակներ՝ գլխավորապես պատրիարքական նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմնակիցները զանազան ասեկոսեներ են տարածում, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Մասնավորապես, խոսք է գնում Բեքչյանի հրաժարականի կամ Նախաձեռնող խմբի անդամների նկատմամբ անվստահություն հայտնելու մասին: «Շիրինօղլուն պահանջել էր, որ Բեքչյանը հրաժարական տա, սակայն վերջինս չէր գնացել այդ քայլին: Այժմ էլ ցանկանում է, որ Նախաձեռնող խմբի անդամները հրաժարական տան, սակայն տեղապահը հայտարարել է, որ դա նորմալ աշխատող հանձնախումբ է, և ինքը չի ցանկանում այն լուծարել»,- ասաց Էստուկյանը:

Նա ցավով արձանագրեց, որ պատրիարքի ընտրության գործընթացը կրկին հայտնվել է անորոշության մեջ: «Ամենավատն այն է, որ իրադրությունն ավելի բարդանալու միտում ունի: Ափսոս, որ մեր փոքրիկ հավաքականության մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են օգտվել այս իրադրությունից: Մենք մեր մեջ խնդիր ունենք»,- եզրափակեց «Ակոս»-ի խմբագիրը:

Արաքս Կասյան

Հայերեն English

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին․ քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26