«Արմենպրես»-ը և Հունաստանի ազգային լրատվական գործակալությունը խորացնում են համագործակցությունը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը և Հունաստանի Աթենա-Մակեդոնական ազգային գործակալությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել: Սալոնիկում կայացած «Նոր մետաքսի ճանապարհ» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում համագործակցության պայմանագիրը ստորագրել են Հունաստանի Աթենա-Մակեդոնական ազգային գործակալության տնօրեն Միքայել Փսիլոսը և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Ստորագրված պայմանագրով Հայաստանի և Հունաստանի ազգային լրատվական գործակալությունները ամրապնդում են համագործակցությունը տեղեկատվության և փորձի փոխանակման ուղղություններով:
«Նոր մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումի օրակարգի հիմնական թեմաներից է եղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարությունը և այն կյանքի կոչելու հարցում տեղեկատվական գործակալությունների դերը և գործընկերային հարաբերությունները: Նշվել է, որ նոր մետաքսի ճանապարհի վերականգման գործում մեծ դեր ունեն այդ գործընթացին մասնակից երկրների տեղեկատվական գործակալությունները, որոնց սերտ համագործակցությունը կարող է նպաստել պետությունների և ժողովուրդների միջև մշակութային, սոցիալական և տնտեսական երկխոսությանը: Ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: «Արմենպրես» լրատվական գործակալությունն ընտրվել է «Նոր մետաքսի ճանապարհի» նախագծային կոմիտեի անդամ:
Ֆորումի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը սահմանում է տեղեկատվական գործակալությունների համագործակցության նոր ուղղությունները: «Մենք նպատակ ունենք նպաստել խաղաղությանը, արդարությանը, սոցիալական համերաշխությանը, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և գենդերային հավասարությանը: Մենք խրախուսում ենք մշակույթների միջև երկխոսությունը՝ նպաստելով զբոսաշրջության զարգացմանը և աշխարհի մշակութային և բնական ժառանգության պահպանմանը»,- ընդունված հռչակագրով փաստել են ֆորում մասնակից տեղեկատվական գործակալությունների ներկայացուցիչները:
Ֆորումը կազմակերպել են Հունաստանի Աթենա-Մակեդոնական ազգային գործակալությունը և Չինաստանի «Սինխուա» ազգային գործակալությունը: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը Չինաստանի «Սինխուա» պետական լրատվական գործակալությանը ֆորումի արդյունքներով հարցազրույց է տվել:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը ֆորումի նախօրեին մասնակցել է նաև Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի համաժողովին, որում հայկական ազգային լրատվական գործակալությունն ունի դիտորդի կարգավիճակ: