Մշակույթ

Կիևի ազգային պատկերասրահում բացվելու է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Կիևի ազգային պատկերասրահում բացվելու է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 12-ին բացվելու է «Հանճարը և ծովը. ավանդույթները, որոնումները, հայտնագործությունները» խորագիրը կրող ցուցահանդես` նվիրված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և պատկերասրահի 95-ամյակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Analitikaua.net-ը, կազմակերպիչները, նկարագրելով հայ նկարչի ստեղծագործական ուղին, նշել են, որ Այվազովսկին եղել է ականավոր բնանկարիչ, մարինիզմի հիմնադիր, ում աշխատանքները մեծ ազդեցություն են թողել հայկական, ուկրաինական ու ռուսական մշակույթների վրա:

«Նա գեղանկարչության պատմության մեջ հայտնի է որպես ծովի անգերազանցելի երգիչ: Նրա ժամանակակիցներից ոչ ոք չէր կարող նման ուժով եւ ոգեշնչմամբ ցույց տալ ծովի տարրերի մեծությունն ու գեղեցկությունը»,- նշել են կազմակերպիչները:

Ցուցահանդեսում ներկայացվելու են XVIII-XX դարերի նկարչության եւ գրաֆիկայի ավելի քան 60 աշխատանքներ, որոնք վերաբերվում են ծովային թեմային:

Ցուցադրվելու են նաև Այվազովսկու լուսանկարները, որոնք կորել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև գտնվել, ինչպես նաև Շերեմետևի թանգարանի ցուցանմուշները` արխիվային նյութերը, լուսանկարները, 19-րդ դարի մարտական նավերի տարբեր իրերը և անձնակազմի ունեցվածքը:

Ցուցահանդեսը ներառում է նաև ավելի քան մեկ տասնյակ նկարներ եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք ներկայացնում են նկարչի աշխատանքի տարբեր ժամանակաշրջանները: Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 12-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում