«FMD KL Europe»-ը ավելացնում է ներդրումները. Հայաստանում բիոտեխնոլոգիական կենտրոն է բացվում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այցելել է «FMD KL Europe» ընկերություն, որտեղ ղեկավար Կիրիտ Վելանիի հետ քննարկել են զարգացման ծրագրերը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին հայտարարել է Հայաստանում բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման մասին։ Ներկայում ընկերությունը ներդրումներ է կատարում կառույցը միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով ու սարքավորումներով հագեցնելու համար։ Միայն այս տարվա ընթացքում մարդկային կապիտալի վերապատրաստման և տեխնոլոգիական կենտրոնի վերազինման համար 1 միլիոն դոլարի ներդրում է արվել։

«FMD KL Europe»-ը «FMD K&L» համաշխարհային կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղն է, որը պայմանագրային հետազոտական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար դեղագործական և առողջապահական ձեռնարկություններին։ Գործունեության մոտ 3 տարում ընկերությունը աշխատողների թիվը հասցրել է 150-ի, ներկայում միջազգային որակավորման ևս 20 մասնագետի կարիք ունի։ ՀԶՀ հետներդրումային սպասարկման թիմն աջակցել է «FMD KL Europe» ընկերությանը՝ գործունեության ընդլայման տարբեր փուլերում։

«Այստեղ, Հայաստանում նոր ներդրումներով բիոտեխնոլոգիական կենտրոն ենք բացում, որը թույլ կտա մասնագետների թիվը հասցնել 250-ի և նպաստել ոլորտի զարգացմանը։ Մեր հաջորդ քայլով նախատեսում ենք Հայաստանում կլինիկական հետազոտությունների հիմքերը դնել։ 2018-ին նպատակ ունենք բացելու նաև մեր առաջին կլինիկան, որը կսկսի առաջին անհրաժեշտության խնամքի միջոցների՝ շամպունների, կրեմների փորձարկումների հետազոտություններ, իսկ հետո կանցնենք բարդ կլինիկական փորձարկումների։ Մեր գործունեության հենց սկզբից Հայաստանի զարգացման հիմնադրամը և կառավարությունը մշտապես աջակցել են։ Ընկերությունը չէր կարող այս տեմպերով զարգանալ, եթե չլիներ այդ աջակցությունը»- նշել է «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։

Կ. Վելանին ներկայացրել է բիոտեխնոլոգիաների ոլորտի ներուժը, նշելով որ այն արդյունաբերական զարգացման փուլում է և կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ «Հայաստանյան լաբորատորիայում նստած երկու մարդ կարող են նյութ ստեղծել, որը միլիարդների եկամուտներ կարող է ապահովել երկրին»,- նշել է «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։

Հիմնադրամի և ընկերության ղեկավարները քննարկել են հնարավոր քայլերը, որոնք ՀԶՀ առաջարկությամբ կառավարությունը կարող է ձեռնարկել՝ բիոտեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար։ «FMD KL Europe»-ի ղեկավարը բարձրացրել է նաև Հայաստանում ինտերնետի բարձր գնի, անկայուն էլեկտրամատակարարման ու մաքսազերծման հարցեր։

«Տնտեսության մեջ ՀԶՀ հիմնական գործունեությունը արտասահմանյան կազմակերպությունների ու ներդրողների գործը հեշտացնելը, սահուն դարձնելն է։ Այն բոլոր հարաբերությունները, որ իրենք ունենում են պետական համակարգի հետ՝ լինի մաքսային, հարկային, կոմունիկացիաների անցկացման, մեր գործն է արագացնել պրոցեսը, որ կարողանան իրենց բիզնեսով շահույթ ստեղծել և, հուսանք, այդ շահույթը վերաներդնեն մեր երկրում»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Հայերեն English

«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին

Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով

Կիևի կողմնակիցները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինայի ագրեսիայի համար. Իրանի ԱԳՆ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին վեց ամիսներին աճել է 7․9 տոկոսով

Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված. նախաձեռնվել է քրեական վարույթ

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է