Հասարակական

Մարդու պապիլամովիրուսային վարակի դեմ պատվաստումը ներդրվելու է դեկտեմբերին

2 րոպեի ընթերցում

Մարդու պապիլամովիրուսային վարակի դեմ պատվաստումը ներդրվելու է դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցում դեկտեմբերին կներառվի նաեւ դեռահաս աղջիկների շրջանում մարդու պապիլամովիրուսային վարակի դեմ պատվաստումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով` մարդու պապիլոմավիրուսի վակցինացիան վերջին տարիներին մեծ տարածում է գտել բազմաթիվ երկրներում: «Այն հնարավորություն է տալիս կանխարգելել արգանդի վզիկի՝ Հայաստանում մեծ տարածում ունեցող քաղցկեղը»,-ասաց նա:

Անդրադառնալով նոր պատվաստանյութի հետ կապված մարդկանց հնարավոր դժգոհություններին, Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ ծնողներն իսկապես պետք է գնահատեն իրենց տրված այս հնարավորությունը: «Երբ որ նժարի վրա դնեն իրենց երեխայի կյանքն ու վակցիանցիայի հանդեպ ունեցած վերաբերմունքը, առաջինը անպայման հաղթելու է: Մենք բաց ենք, եւ ցանկության դեպքում պատրաստ ենք մեր բնակչությանը ներկայացնել բոլոր հնարավոր եւ անհնար ռիսկերը: Աշխարհը գնացել է այս ճանապարհով, եւ արդյունքները դրական են»,-ասաց նա:

ԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևի խոսքով` պապիլամովիրուսային վարակի դեմ պատվաստման ներդրումը բավական լավ նախաձեռնություն է: «Սա մենք համարում ենք նոր վակցինա, բայց այն հեղափոխություն է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի գործընթացում: ԱՀԿ-ն աջակցում է այս նախաձեռնությանը»,-ասաց նա:

Օգոստոսի 31-ին Երեւանում կայանալու է Պատվաստումների ազգային օրացույցում ՄՊՎ դեմ պատվաստանյութի ներդրման ազգային խորհրդակցությունը, որին մասնակցելու համար ԱՀԿ-ից եւ Շվեդիայից փորձագետներ են ժամանել Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում