«Ամերիկանայի» ղեկավարներն իրենց պահեցին անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ. Հարութ Սասունյանի նոր հոդվածը 

8 րոպեի ընթերցում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդելում «Ամերիկանա»առևտրի կենտրոնի ղեկավարները հերթական անգամ հակադրվեցին իրենք իրենց՝ հայտարարելով, որ ոչ միայն համաձայն են գովազդել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները»վավերագրական ֆիլմը, այլև առաջարկեցին դա անել անվճար....

Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում:«Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

«Այս ընթացքում «Ամերիկանայի»ղեկավարներն իրենց պահեցին անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ և որքան էլ զարմանալի է, ընդդեմ իրենց բիզնես շահերի՝ անզգա վերաբերմունք դրսևորելով իրենց հիմնական գնորդների՝ տեղի մեծաթիվ հայ բնակչության նկատմամբ:

Ամեն ինչ սկսվեց երկու շաբաթ առաջ, երբ«Ամերիկանայի» գլխավոր տնօրեն Ջուլի Ջորեկին մերժեց տարածք տրամադրել գովազդային պաստառի համար՝ Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմն անվանելով «խիստ քաղաքականացված»: Երբ պատշաճ բացատրություն ստանալու համար ես դիմեցի «Ամերիկանային», առևտրի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի պատասխանատու Էմիլի Դևիսն ինձ ասաց. «Մենք խիստ չափանիշներ ունենք մեր գովազդների համար և ուշադիր հետևում ենք դրանց բովանդակությանը: Այս գովազդը չի համապատասխանում գովազդային ուղեցույցների մեր չափանիշներին Հարավային Կալիֆորնիայի ամբողջ տարածքում»: Իմ այն հարցին, թե ինչու վավերագրական ֆիլմը չի համապատասխանում «Ամերիկանայի» գովազդային չափանիշներին, երեք օր անց Էմիլի Դևիսն պատասխանեց՝ «Ամերիկանան» լրացնելու ոչինչ չունի...

Տեղի հայ համայնքի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի ճնշման ներքո, «Ամերիկանայի» գործադիր փոխնախագահ Ջեկի Լևին փոխեց գործի ընթացքը և հաշտեցման նամակ հղեց Հայ Դատի հանձնախմբին՝ հույսեր թողնելով, որ խնդիրը լուծում կստանա Գլենդելի քաղաքային խորհրդի և վավերագրական ֆիլմի արտադրողների հետ հանդիպումից հետո, սակայն հրաժարվեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ:

Մի քանի օր անց Ջեկի Լևին ավելի կոշտ նամակ հղեց վավերագրական ֆիլմի արտադրողներին, ևս մեկ անգամ հայտարարելով, որ «Ամերիկանան» մերժում է հայցվող գովազդը, քանի որ առևտրի կենտրոնը այն մարդկանց համար է «որոնք կարող են հավաքվել միասին և վայելել.... այդ պատճառով մենք քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներն արգելող քաղաքականություն ենք հաստատել....»: Այնուհետև նա առաջարկեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ և ցանկություն հայտնեց «վերահաստատել մեր վաղեմի աջակցությունը հայ համայնքին....», որը բացարձակ սուտ է: «Ամերիկանան» բազմիցս հակահայ դիրքորոշում է դրսևորել, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում, երբ երեք տարի առաջ արգելեց ցեղասպանության թեմայով վերնաշապիկների վաճառքը:

Այնուհետև Ջեկի Լևին արեց առավել վիրավորական արտահայտությունը, նշելով, որ «մենք դիտողություններ ենք ստացել հայ համայնքից և Թուրքիայի հյուպատոսությունից»: Լևիին պետք է հարցնել, թե սովորաբար քանի թուրք հաճախորդ է այցելում «Ամերիկանա», Գլենդելի 100 հազար հայերի դիմաց: Ավելին, ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ օտարերկրյա բռնապետական վարչակարգի հյուպատոսությունը միջամտի «Ամերիկանայի» և տեղի համայնքի որոշումներին: Դրանով նա ցեղասպանության զոհերին՝ հայերին հավասարեցնում է նրանց, որոնց նախնիները իրականացրել են նման նողկալի զանգվածային հանցագործություններ...

Միևնույն ժամանակ «Ամերիկանայի» վրա ճնշում գործադրեցին ամերիկյան հեռուստաալիքները, որոնք հեռարձակում էին հայերի բողոքի ցույցերը ընդդեմ առևտրի կենտրոնի: Եղան նաև ավելի քան 20 հայ և այլազգի ելույթ ունեցողներ, ներառյալ տողերիս հեղինակը, որոնք օգոստոսի 15-ին դիմեցին Գլենդելի քաղաքային խորհուրդ, իրենց վրդովմունքն արտահայտելով Ջեկի Լևիի անզգա նամակի առիթով: Վերջում, քաղաքային խորհրդի բոլոր հինգ անդամներն իրենց դժգոհությունը հայտնեցին «Ամերիկանայի» կողմից Հայոց ցեղասպանության հայտարարության մերժման առիթով և պարտավորվեցին հանդիպել առևտրի կենտրոնի ղեկավարության հետ՝ նրանց դիրքորոշումը փոխելու համար ճնշում գործադրելու նպատակով:

Վերջապես, օգոստոսի 17-ին «Ամերիկանայի» ղեկավարները հերթական անգամ փոխեցին իրենց դիրքորոշումը՝ այդ մասին հայտարարելով Հայ Դատի հանձնախմբի մամուլի ասուլիսից քիչ առաջ, ուր նախատեսվում էր «Ամերիկանային» բոյկոտ հայտարարել տեղի հայ համայնքի կողմից: Ջեկի Լևին հայտարարեց, որ «Ամերիկանան» այժմ համաձայն է ցուցադրել գովազդը՝ «արտադրողների համար անվճար»:

Լևին արդարացրեց «Ամերիկանայի» ավելի վաղ բացասական որոշումը որպես մարդու իրավունքների վերաբերյալ իրենց դիրքորոշման «թյուրիմացություն» և «որի համար ներողություն ենք խնդրում: Մենք միշտ դատապարտել ենք բռնության և վայրագությունների բոլոր դրսևորումները ամբողջ աշխարհում, այդ թվում Հայոց ցեղասպանությունը, որն իր ազդեցությունն է թողել մեր համայնքի հայ բնակչության կյանքի վրա»:

Ի պատասխան՝ Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իրենք «Ամերիկանայի» դիրքորոշման փոփոխությունը համարում են «նախնական դրական քայլ»: Հայ Դատի հանձնախումբը նաև հայտարարեց, որ առևտրի կենտրոնը «պետք է ցույց տա իր կորպորատիվ քաղաքացիությունը» և «պետք է հետամուտ լինի հարաբերությունների հաստատմանը համայնքի հետ, որը հստակորեն ցույց կտա նրա հասկացողությունն ու հոգատարությունը մերձակա համայնքի և մեր քաղաքի նկատմամբ: Առաջիկա շաբաթներին մենք հանդիպում ենք ակնկալում Ռիկ Կարուզոյի [«Ամերիկանայի» սեփականատերը] և նրա կառավարման թիմի հետ՝ հստակ կերպով քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի լավ հարաբերություններ և կապեր հաստատել համայնքի, «Ամերիկանայի» և Կարուզոյի միջև, որը կհանգեցնի իրական, կառուցողական և լուրջ երկարաժամկետ հարաբերությունների»:

Հաշվի առնելով «Ամերիկանայի» ղեկավարների հակասական հայտարարությունները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, հայ համայնքը իսպառ կորցրել է իր հավատը նրանց խոստումների նկատմամբ: Կարուզոն՝ «Ամերիկանայի» սեփականատերը, պետք է ոչ միայն վերանայի առևտրի կենտրոնի հարաբերությունները տեղական հայ համայնքի հետ, այլ նաև որոշի, թե արդյոք նրա ղեկավարներից մի քանիսը պետք է շարունակեն աշխատել իր համար` հաշվի առնելով նրանց ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հայերեն English Русский

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին․ քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26