«Արմենպրես»-ը և ՌԱԿ մամուլը համագործակցության հարթակ են ձևավորում. «Արմենպրես»-ը կունենա արևմտահայերեն բովանդակություն

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը և ՌԱԿ մամուլ (ragmamoul.net)համացանցային պորտալը համագործակցության նոր հարթակ են ձևավորում, որը հնարավորություն է տալիս հայկական պետական լրատվական գործակալության տեղեկատվական նյութերը հասանելի դարձնել սփյուռքի մի շարք լրատվամիջոցների համար, ինչպես նաև ձևավորել արևմտահայերեն բովանդակություն: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում գործակալության տնօրեն Արամ Անանյանը և «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ մամուլ համացանցային հարթակի պատասխանատու Սևակ Հակոբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սևակ Հակոբյանը նախ անդրադարձ կատարեց լրատվությունն օգտագործելու էթիկային և հեղինակային իրավունքը հարգելու կարևորությանը: Նրա խոսքով, չնայած ոլորտի առանձնահատկություններին, լրատվությունը, նույնպես արտադրություն է, ինչպես ցանկացած այլ ապրանքի արտադրությունը: «Հետևաբար, այդ լուրը պատկանում է արտադրող հաստատությանը: Հայկական իրականության մեջ կամ ընդհանրապես նորօրյա մշակույթի մեջ դժբախտաբար, սովորական երևույթ է դարձել ուրիշի արտադրած լուրը վերցնել և գործածել` առանց մտածելու, թե դրա համար որքան ծախս է արվել, որքան մարդ է այդ բովանդակության վրա աշխատել: Իմ կարծիքով` սա գողություն է, որովհետև դա նույնն է, թե ինչ-որ մեկը մեկ ուրիշի արտադրած հագուստը վերցնի և վաճառի: Նախ, մենք մեզ հարգելու, ապա ուրիշներին օրինակ ծառայելու համար` մենք որոշեցինք համագործակցության նման համաձայնագիր կնքել, որպեսզի կարողանանք օրինական ճանապարհով օգտվել մեկս մյուսի արտադրած լուրերից»,- ասաց Հակոբյանը:

Նա կարևորում է նաև լուրերի հավաստիությունը` ընդգծելով, որ մեր օրերում ամեն տեղ ցանկացած տեսակի լուր գոյություն ունի: «Ցավոք, շատ դեպքերում ոչ շատերն ուշադրություն չեն դարձնում լուրի հավաստիությանը, լրջությանը և դրանք անխնա տարածվում են: Մեզ համար շատ կարևոր է, որ լուրը լինի հավաստի: Ի տարբերություն շատ մեդիա օգտագործողների, ովքեր առանց լուրերը ստուգելու տարածում են դրանք, մեզ համար կարևոր է նման համաձայնագիր ունենալ «Արմենպրես»-ի հետ, որի արտադրած լուրերի հավաստիության վրա ոչ ոք կասկած չունի»,- ընդգծեց Սևակ Հակոբյանը:

Նա հավելեց, որ ստորագրված համաձայնագրով «Արմենպրես» լրատվական գործակալության լուրերից օգտվելու իրավասություն են ստանում ՌԱԿ մամուլ պորտալը, «Զարթոնք» օրաթերթը, «Նոր օր» շաբաթաթերթը, «Սարդարապատ» շաբաթաթերթը, «Հայ կյանք» պարբերաթերթը:

Այս առիթով Հակոբյանը երախտագիտության խոսք ուղղեց ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանին և Թեքեյան մշակութային միության հիմնադիրների մարմնի ատենապետ Հակոբ Գասաչջյանին և իրենց գլխավորած վարչություններին՝ նշյալ թերթերը հովանավորելու և իր հանդեպ ունեցած անվերապահ վստահության և անձնական անսակարկ գործակցության համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց հիշյալ թերթերին և խմբագիրներին՝ իրենց գործակցության ազնիվ ոգու համար։

«Սփյուռքում գործող այս լրատվամիջոցները հնարավորություն կունենան օգտվել «Արմենպրես»-ի լրահոսից և զերծ մնալ ոչ հավաստի լուրեր հրապարակելու վտանգից: Կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին ևս օգտվել «Արմենպրես» լրատվական գործակալության հավաստի լրահոսից»,- եզրափակեց Հակոբյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ընդգծեց, որ սկսում են որակապես նոր նախագիծ, որի հիմքում երեք հիմնական իմացաբանական կետ կա: «Առաջին կետն այն է, որ Սփյուռքի մեր գործընկերները հասանելիություն ունենան որակյալ լրատվությանը, և մենք առաջին քայլն այս ուղղությամբ անում ենք սփյուռքահայ մամուլի ջահակիրներից մեկի` ՌԱԿ մամուլի(ragmamoul.net) հետ։ Համագործակցությունը հնարավորություններ է բացում նաև բազմաթիվ նոր գործընկերների համար»,- նշեց Արամ Անանյանը:

Երկրորդ կարևոր կետը բովանդակության օրինական օգտագործումն է: «Մենք համամիտ ենք այն տեսակետին, որ լրատվական արտադրանքի օգտագործումը պետք է լինի ազնիվ և օրինական հիմքերի վրա և այս համաձայնությամբ նման ուղերձ ենք հղում մեր բոլոր գործընկերներին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Շատ ուրախ ենք, որ համագործակցություն ենք սկսում սփյուռքահայ մամուլի առաջամարտիկներից մեկի հետ: Հուսով ենք, որ այդ օրինակը վարակիչ կլինի»։

Երրորդ կետը, որը նույնքան կարևոր է, «Արմենպրես»-ի լրահոսի մի մասի արևմտահայերեն տարբերակ ունենալն է: «Սա մեր համատեղ արտադրանքն է, որը միտված է մեկ նպատակի` արևմտահայերենով լրատվական բազմացմանը, և արևմտահայ գրական լեզվի առաջընթացին: Կարծում ենք, որ սա այդ գործում մեր փոքր ներդրումը կլինի»,- նշեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը:

Արամ Անանյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ 80-ամյա պատմություն ունեցող «Զարթոնք» օրաթերթը զարգացման նոր շրջափուլ է մտել: «Եվ ընդհանրապես ՌԱԿ մամուլ կայքը առաջադեմ տեխնոլոգիաների օգնությամբ լրատվությունը նոր մակարդակի բերելու լուրջ քայլեր է անում, որը միանշանակ ողջունում ենք»,- ասաց Անանյանը՝ նշելով, որ «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր փորձով և հնարավորություններով պատրաստ է օժանդակել իր գործընկերոջը:

Արամ Անանյանը կարծում է, որ ստորագրված հուշագրով մեկնարկող համագործակցությունը տալու է ոչ թե սովորական, այլ սիներգիկ արդյունք: «Այսինքն, նորարարական մոտեցումներ պետք է որդեգրենք, և այդ մոտեցումները բաց են մեր բոլոր գործընկերների համար: «Արմենպրես»-ը` որպես պետական համահայկական լրատվամիջոց իր գործընկերոջ հետ ազդարարում է նոր ու հետաքրքիր փուլի մեկնարկը, որը կարող է շատ ավելի արդյունավետ լինել և ընթացքում ձևավորել լրատվական կիրառական և շոշափելի ցանց, որպեսզի տեղեկատվության տարածումը և փոխանցումը լինի ավելի արդյունավետ»,- ասաց նա:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ դեռ հեռատիպի ժամանակաշրջանն էր, կար «Արմենպրես-Կռունկը», որը հեռատիպային կապով իրար էր միացնում Երևանը, Նյու Յորքը, Փարիզը և Բեյրութը: «Այն ժամանակ «Զարթոնք»-ն այդ տեղեկատվական հոսքի շահառուներից մեկն էր, և մեզ ուրախացնում է, որ «Կռունկ»-ից տասնամյակներ անց մենք այն ինչ-որ կերպ վերականգնում ենք: Մենք վստահաբար կարող ենք ասել, որ առաջիկայում նոր հետաքրքրական ձևաչափեր ևս կկարողանանք իրականացնել` սկսած տեսակոնֆերանսներից, համատեղ ասուլիսներից, վերջացրած միասնական, համատեղ լրատվական արտադրանքի նոր ձևաչափերի ստեղծումից և տարածումից: Քաջալերում ենք մեր բոլոր գործընկերներին հետևել մեր օրինակին և այդ ցանցը դարձնել իրականություն` ի շահ հայ ժողովրդի, մեր բոլոր լրատվամիջոցների»,- եզրափակեց Արամ Անանյանը:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ